Տպավորություն է, որ պետական կառույցներն ու նրանց թելը թելող լրատվամիջոցները վերջին օրերին ջղաձգվել են

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող տարածքներում խուզարկություն է կատարվել. այս մասին երեկ հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից ու լրահոսում քննարկելու ու քննադատելու նոր թեմա տվեցին երկու ճամբարների բաժանված ֆեյսբուքյան օգտատերերի համար:

Մինչ կհանդարտվեր մի կողմի ոգևորությունը, թե գործը նոր թափ է ստանում, Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանը շտապեց հիասթափեցնել նրանց՝ խուզարկությունը նոր չէ, այն կատարվել է դեռ շաբաթներ առաջ: Այն, թե ինչու էր ՀՔԾ-ն որոշել միայն հիմա եղածի մասին տեղեկացնել նաև հանրությանը, Սողոմոնյանը թողեց քաղաքացիների երկակայությանը՝ վստահ լինելով, որ դժվար չէ կռահել, որ ՀՔԾ-ն, ինչպես այս օրերին ակտիվ դերակատարում ստանձնած այլ մարիմններ, փորձում է քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծել, թե քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարություններ անող Քոչարյանին իրենք շարունակում են «նեղել»:

Տպավորություն է, որ պետական կառույցներն ու նրանց թելը թելող լրատվամիջոցները վերջին օրերին ջղաձգվել են. ամեն կերպ փորձում են «հեղափոխության չափաբաժին» տալ իրենց դեռ 100 օր առաջ անվերապահորեն վստահողներին:

Նույն ձեռագիրը երևաց նաև երեկ Մանվել Գրիգորյանի մասին հիշեցնելու տապալված փորձում: Մի կողմ թողնելով մարդու արժանապատվությունը չվիրավորելու, առանց նրան տեղյակ պահելու լուսանկարելու, այն հրապարակայնացնելու և այլ բազմաթիվ նորմեր, որոնք պահվում են քիչ թե շատ իրավական երկրներում՝ այտեղ իրական միտում կա մարդկանց մոտ «հեղափոխության ոգին» չգցելու, «դուխով» պահելու համար: Մինչդեռ այս նպատակով հերթով իրակացվող ակցիաները՝ 100 օրերն ամփոփող համերգը, Մանվել Գրիգորյանի նկարը, Քոչարյանի տան «հրատապ» խուզարկությունը հեղափոխության ունքն ուղղելու տեղը, աչքն են հանում:

LosArmNews.com