Որևէ մեկը թող չմտածի, որ ձեզնից թաքուն թուղթ կստորագրեմ. Փաշինյանը` Արցախի մասին

Փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են առնում, զենքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանի կառավարությունը, Փաշինյանը եկել է հողեր հանձնելու։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց, ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Ես դա գիտեմ փաստաթղթավորված»,- ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց, որ տիրապետում է բանակցային գործընթացին։

«Տո այ զինվորի թալանածներ, տո այ սերմացու գողացող մկներ։ Ես ասել եմ, որ պատրաստ եմ Ղարաբաղի հարցով լիարժեք բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախ Հանրապետության անունից պետք է Արցախի իշխանությունը բանակցի։ Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալ Ադրբեջանի ցանկացած սադրանքին»,- ասաց նա։

Փաշինյանը վստահեցրեց` մենք պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, մենք պատրաստ ենք հասնել խաղաղ կարգավորման։

«Եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ և կհամարեմ, որ լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, որ ձեզնից թաքուն թուղթ կստորագրեմ։ Ես կգամ այստեղ մանրամասն կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք մենք գնում ենք այդ տարբերակով կարգավորման, թե ոչ։ Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը»,- շեշտեց նա։

Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց` Ղարաբաղի հարցը լուծողը կառավարությունը չէ, այլ ժողովուրդը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am