Ռոբերտ Քոչարյանը «փու՞ռն է տվել» նախկին պաշտոնյաներին․Այսօր կորոշվի նախկին նախագահի ճակատագիրը

Երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանների բողոքի քննությունն այսօր կշարունակվի։ Նախկին նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ որոշումը կհրապարակի երկուշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին:

Վերաքննիչ դատարանում լսվում է երկու միջնորդություն: Դրանցից մեկով պահանջվում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումն ու կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, մյուս միջնորդությամբ, որը ներկայացրել է փաստաբան Ալումյանը, առաջարկվում է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավի դիմաց ազատ արձակմամբ։Նիստը տեղի է ունենում դռնփակ, անգամ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները հնարավորություն չունեն մասնակցելու նիստին, քանի որ տեսակցությունները Ռ․Քոչարյանին արգելվել է։

Ի դեպ, նախկին նախագահի փաստաբանը նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ելույթը փայլուն է որակել։ Թե ինչ է խոսել Ռ․Քոչարյանը, հայտնի չէ, սակայն դրանից հետո քաղաքական վերլուծաբաններից շատերը կարծում են, որ Ռ․Քոչարյանը «փուռն է տվել» այլ պաշտոնյաների ևս։ Մինչ այս, որ ԱԺ 46 պատգամավորներ էլ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորագիր էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, նման երաշխավորագիր ներկայացրել էին նաև Արցախի ԱԺ պատգամավորներ, մինչդեռ այն մերժվել էր։

Հիշեցնենք, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2  ամիս ժամկետով:

Աղբյուրը՝ PrimeNews.am