Ամենախիստ կերպով դատապարտում ենք այս երևույթը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում մենք ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են օգնության ստանալը, այն ուղղորդելը և բաշխելը։ Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Շտապօգնության մեքենան ասեղ չի, որ տանես մի տեղ պահես, իմացող թաքցնողները նույնպես պետք է պատասախանատվության ենթարկվեն», – ասաց Մարուքյանը։
Նա ընդգծեց, որ թեև Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, բայց խմբակցության անդամ է, հետևաբար խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում արտահայտի և աջակցի իրավական մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված կարգով արդարադատություն իրականացվի։
Մարուքյանը նաև չբացառեց, որ կառավարությունը կարող է նիստ գումարել և վաղը գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգի որոշման մեջ լրացում կատարել՝ ավելացնելով ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
«Վաղը պարոն Գրիգորյանի ձերբակալման 72 ժամն է լրանում», – ասաց նա։
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ ապագայում կլինեն այլ բացահայտումներ ևս:
«Ցավոք, սա առաջին ու վերջին դեպքը չէ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք էլի նմանատիպ դեպքերի բացահայտման ականատես կլինենք», – ընդգծեց նա։
Աղբյուրը՝ aysor.am