Բակո Սահակյանը հայտնել է, որ չի առաջադրվելու 2020 թ. Արցախի նախագահական ընտրություններում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել 2020 թ. նախագահական ընտրություններում: Նրա խոսքերն է փոխանցում «ARTSAKHTIMES»-ը:

«Ինչպես գիտեք, 2017 թ. մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ 3 տարի ժամկետով։ Այդ ժամանակը նախատեսված է նաեւ օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխեցնելու համար։

2020 թ., գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ: Ոզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանարապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին:

Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, որն ընտրում է նոր նախագահ։ Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական եւ քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից։

Եւ քանի որ տեղի են ունենալու նախագահի եւ Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող նախագահ, օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ե՛ւ նախագահի, ե՛ւ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ»,- ասել է նա:

Աղբյուրը՝ armtimes.com