Աշխարհահռչակ տնտեսագետը լավ արդյունքներ ունենալու գաղտնիքներն է բացել Նիկոլ Փաշինյանին

Դարոն Աճեմօղլուն պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության մի շարք անդամների հետ, տեսակոնֆերանս են ունեցել աշխարհահռչակ տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուի հետ: Քննարկվել են Հայաստանի զարգացման հեռանկարները, Աճեմօղլուի հետ համագործակցության հնարավոր ձևաչափերը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը ներկայացրել է կառավարության առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները: Տնտեսագետն ընդգծել է, որ ճիշտ ժամանակն է նախաձեռնել և սկսել իրականացնել կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ինստիտուցիոնալ բարեփոխումներ՝ քաղաքական ուղղվածությամբ, արդարադատության, ֆինանսական համակարգերի և ներդրումային միջավայրի բարելավման ոլորտներում, որոնք պետք է լինեն կոնկրետ գործողություններ՝ որոշակի ժամանակահատվածում արդյունքներ արձանագրելու նպատակով:

Դարոն Աճեմօղլուն կարևորել է իշխանության տարբեր ճյուղերում ինստիտոցիոնալ հակակշիռների ճկուն մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխավորեն նախկինում եղած արատավոր երևույթների բացառումը, կառավարության գործելաոճի թափանցիկության բարձրացումը, ինչը թույլ կտա հանրությանն իշխանության գործողությունները պահել մշտադիտարկման մեջ: «Ներկա կառավարության գործունեության արդյունքում քաղաքացիները զգում են իրենց ներգրավվածությունը քաղաքականության մեջ։ Շատ մարդիկ Հայաստանում այս պահին իսկապես ոգևորված են, իսկապես ուզում են լինել քաղաքականության մաս»,- ասել է Դարոն Աճեմօղլուն:

Տնտեսագետը պատրաստակամություն է հայտնել ցանկացած ձևաչափով աջակցել Հայաստանի կառավարությանը զարգացման, ժողովրդավարացման և բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկայում ևս շարունակել քննարկումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am