Առաջիկա օրերին նոր պատգամավորներ կլքեն ՀՀԿ խմբակցությունը

Իրավական հիմքեր են ստեղծվել ԱԺ ՀՀԿ-ական ղեկավար կազմի հրաժարականի հարցը բարձրացնելու համար։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հայտնվել է խորհրդարանում կայուն մեծամասնությունը կորցնելու, ըստ այդմ, նաև օրենսդիր իշխանությունից զրկվելու շեմին: Այս օրերին ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է վեց պատգամավոր:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին մի քանիսը ևս նման հայտարարությամբ հանդես կգան: Արդյունքում՝ 58 հոգանոց խմբակցությունում, եթե այսօր 53 հոգի է մնացել, ապա առաջիկա օրերին նրանց թիվն ավելի կնվազի: ԱԺ կանոնակարգ-օրենքի չորրորդ գլխում սահմանված է, որ խմբակցությունը կամ խմբակցությունների դաշինքը համարվում է կառավարող, եթե դրանում ընդգրկված է խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի 54 տոկոսը: Տվյալ դեպքում 58 պատգամավոր, քանի որ ԱԺ-ն կազմված 105 հոգուց: Սա նշանակում է, որ նույնիսկ այս պահին, երբ ՀՀԿ-ում 53 պատգամավոր է միայն, այն արդեն կառավարող չէ:

ԱԺ կանոնակարգ-օրենքը նաև սահմանում է, որ խորհրդարանի ղեկավարն ու տեղակալները նշանակվում և հետ են կանչվում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ասել է թե՝ իրավական հիմքեր են ստեղծվել խորհրդարանի ՀՀԿ-ական ղեկավար կազմի՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, փոխնախագահներ էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը պահանջելու հարցը բարձրացնելու համար, համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի բավարար ձայներ խնդիրը լուծելու համար, եթե նման որոշում կայացնի:

Ի վերջո, եթե անգամ ՀՀԿ խմբակցությունից նոր մարդիկ դուրս չգան, միևնույն է, հնարավոր է՝ ոմանք քվեարկեն առանց ՀՀԿ խմբակցության հետ համաձայնեցնելու, նույնիսկ՝ ՀՀԿ խմբակցության որոշումների դեմ: Սպասենք նոր զարգացումների»: