Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած պատգամավորը լքեց ՀՀԿ–ն

Նա որոշել է համալրել Ազգային ժողովի անկախ պատգամավորների շարքերը։

Ֆելիքս Ցոլակյանը որոշել է լքել «Հանրապետական» կխմբակցությունը։ Այս մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանց իր էջում։

«Հարգելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դուրս եմ գալիս Ազգային ժողովի «ՀՀԿ» խմբակցությունից։ Թերևս բոլորին է հայտնի, որ երբևէ որևէ կուսակցության անդամ չեմ եղել, իսկ սույն թվականի մայիսի մեկին տեղի ունեցած վարչապետի ընտրությունից հետո, փաստացի, դադարել է նաև համագործակցությունը «ՀՀԿ» խմբակցության հետ»,- գրել է նա։

Ցոլակյանը նշել է, որ ԱԺ պատգամավոր է ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունի ուղղակի պարտավորություններ իր օգտին քվեարկած հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև։

«Շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները։ Խաղաղություն բոլորիս»,- եզրափակել է նա։

Մինչ այս ՀՀԿ-ն լքել էին Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և Արման Սահակյանը: Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ նիստի քվեարկությունից հետո, երբ պատգամավորների ձայների մեծամասնությամբ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ, հայտնի դարձավ, որ  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ է քվեարկել վարչապետի թեկնածուին։
Պատգամավորն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ինքը կողմ է քվեարկել ժողովրդական թեկնածուին, որովհետև խիղճն է այդպես թելադրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am