Ես գրավոր պատասխանել եմ. որտեղ է հրապարակված նախագահի քաղաքացիությունը վկայող փաստաթուղթը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստի ընդմիջման ժամանակ պատասխանեց լրագրողների որոշ հարցերի: Արդյո՞ք ինքը հիմնադրամին ներդրում արել է եւ պատրաստվում է անել, նախագահը պատասխանեց.

«Ես հիմնադրամին անձնապես ներդրում չեմ արել, բայց մեր ընտանիքը ունի բազմաթիվ բարեգործական ծրագրեր, որոնք անում ենք մենք ե՛ւ եկեղեցու հետ, ե՛ւ ուղղակի»,- ասաց նա եւ նշեց, որ օրինակներից մեկը Էջմիածնի մկրտարանն է, որը կառուցել է իր ընտանիքը: Նա նաեւ նշեց, որ երկար տարիներ հենց Լոնդոնում կա բարեգործական կազմակերպություն, որի նպատակը ուսանողներին օգնելն է, մոտավորապես երեք հարյուրից ավելի երիտասարդներ ստացել են աջակցություն, բացի այդ, իր ընտանիքը նախաձեռնել է «Երեւան, իմ սեր» ծրագիրը:

«Կա հիմնադրամ, որը համազգային կառույց է, եւ կան առանձին անհատներ, բազմաթիվ առանձին աշխատող հիմնադրամներ եւ եկել է ժամանակը, որպեսզի համահայկական հիմնադրամը եւ մյուս հիմնադրամները սկսեն համագործակցել եւ համադրել արվող ծրագրերը»,- ասաց:

ՀԺ-ի դիտարկմանը, որ քաղաքացիները շարունակում են թերահավատորեն վերաբերվել իր քաղաքացիության հարցին, թեեւ նա այդ փաստաթուղթը ցույց տվել է Նիկոլ Փաշինյանին, Արմեն Սարգսյանն արձագանքեց.

«Մարդիկ շատ կարող են լինել, բայց ես այդ հարցին պատասխանել եմ, եթե կարող եք նայել: Դուք լրագրող եք, հեշտ կգտնեք, ինձ գրավոր դիմել են, եւ ես գրավոր պատասխանել եմ»,- ասաց նախագահն՝ այդպես էլ չասելով, թե որտեղ է հրապարակված:

Արմեն Սարգսյանը, անդրադառնալով սփյուռքը փողի աղբյուր դիտարկելու խնդրին, ասաց, որ այդ մտահոգությունը ինքը եւս ունի:

«Համազգային շարժումը կա այսօր, գոյություն ունի, հիմա հարց է ծագում, թե սփյուռքը իսկապես նրա համար է, որ դրսից գումար ուղարկի եւ որեւէ իրավունքներ չունենա, կամ մասնակցություն չունենա, ես կարծում եմ, որ դա բացարձակապես սխալ է: Մեր ցանկացած հայրենակից, նախ եւ առաջ նրանք, ովքեր այսօր սփյուռքում են, բայց կրում են ՀՀ անձնագիրը, այսինքն՝ ՀՀ քաղաքացի են, պետք է իրենց ներդրումը բերեն եւ, իհարկե, ունենան պարտականություններ, իրավունքներ: Գուցե մեկ օր հասնենք նրան, որ սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները ունենան իրավունք ընտրությանը մասնակցելու: Եթե խոսում ենք ընտրական համակարգի մասին, ընտրական օրենքը փոխելու մասին, արդյո՞ք միայն նրանք պետք է ընտրեն, ովքեր ՀՀ-ում են ապրում, թե նրանք բոլորը, ովքեր ՀՀ քաղաքացու անձնագիր ունեն»,- ասաց նա:

Հարցին, իսկ սփյուռքում վերջին տարիներին նկատո՞ւմ է հիասթափություն, որը պայմանավորված էր նաեւ նախկին իշխանության գործունեության հետ, նա պատասխանեց, որ նկատում է հիասթափություն, ջղայնություն, բայց նաեւ տեսնում է հսկայական սեր եւ այսօր անտարբերություն չկա:

«Այսօր հենց մեր նպատակներից մեկը պետք է լինի՝ որքան հնարավոր է ճիշտ, ազնիվ, բաց ձեւով ներգրավել սփյուռքին՝ չասել ձեր խնդիրը փողը տալու մեջ է եւ փողը տվեցիք, էլ մի խառնվեք մեր գործերին»,- ասաց նա:

Աղբյուրը՝ armtimes.com