ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ծառուկյան խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, թե փոխվելու է արդյո՞ք սուպերվարչապետական համակարգն ու ոստիկանությունը, եւ ուժային կառույցները լինելո՞ւ են ԱԺ վերահսկողության ներքո, ասաց.
«Սուպերվարչապետական համակարգն օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ Ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»,- ասաց նա եւ ընդգծեց, որ պետք է ստեղծվեն համապատասխան մեխանիզմներ, որ ամեն ինչ կախված չլինի միայն վարչապետի կամքից։
Ըստ նրա՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը եւ դառնան նախարարություններ։ Նա նկատեց, որ դրա համար օրենսդրական եւ սահմանադրական դժվարությունները հաղթահարելի են։
«Ես կարծում եմ, որ այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած վարչապետի ձեռքում եւ, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»,- ասաց Փաշինյանը:
Նա իր ասածը հիմնավորեց մատնանշելով, որ նախագահի ինստիտուտից բոլոր հնարավոր գործառույթները վերցնել եւ նրան օֆիսային կարգավիճակ են տվել, որը խփում է ՀՀ պետության հեղինակությանը։
«Էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք, քննադատելով ինչ-որ երեւույթներ, հասնենք իշխանության եւ ինքներս մեր հերթին՝ կիրառենք այդ լծակները։ Կնշանակի՝ փոփոխությունները չունեն որեւէ իմաստ։ Ես հավաստիացնում եմ, որ մենք բավարար հարգանք ունենք մեր անցած ճանապարհի, ժողովրդի նկատմամբ, որպեսզի այդ բոլոր հարցերը լուծենք»,- ասաց Փաշինյանը:
Աղբյուրը՝ armtimes.com