«Իմ ժողովրդի ցավը տանեմ, ում կվստահի ժողովուրդը, նրան կտան». Ծառուկյան

Տարբեր կուսակցություններից, տարբեր աշխարհագրական կենտրոններից, տարբեր պատգամավորներից ու տարբեր կառույցներից ինձ առաջարկներ են եղել վարչապետի թեկնածու առաջադրելու, բայց ես հարգում եմ իմ ժողովրդին և իմ ժողովրդի որոշումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Իմ ժողովրդի ցավը տանեմ, միասնականությունը միշտ էլ հաղթում է։ Ում կվստահի ժողովուրդը, նրան էլ թող տան»,–նշեց Ծառուկյանը, միաժամանակ` դու սուս, Նառա ասելով` ընդհատելով իր ու լրագրողների խոսակցությունը հարթել ցանկացող պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների խնդրին` Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք միշտ պատրաստ ենք եղել արտահերթ ընտրությունների, հիմա առավել ևս` պատրաստ են։

Նրա խոսքով Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում քվեարկության ժամանակ իրենց կուսակցությունում քննարկումներ են եղել, ապա որոշում է կայացվել։ «Եթե ես որոշում կայացնեի, որ բոլորը միաձայն պիտի քվեարկվեն, մի պատգամավոր չէր հակառակվի, որովհետև մենք մի ընտանիք ենք»,–հավելեց նա։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի` վարչապետի ընտրության քվեարկության ժամանակ «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորներ դեմ էին քվեարկել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am