ՀՅԴ-ն պատրաստ է քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին

ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Հարցին, թե ՀՅԴ խմբակցությունը պատրա՞ստ է քվեարկել Փաշինյանի օգտին, նա պատասխանեց. «Չե՞ք կարծում, որ մեր երեկվա հայտարարությունից դա ենթադրվում է»:

Արսեն Համբարձումյանը ողջամիտ համարեց վարչապետի թեկնածու չառաջադրելու ՀՀԿ-ի որոշումը:

«Այդ որոշումն, ընդհանուր առմամբ, համահունչ է մեր մոտեցման հետ, այն առումով, որ տարբեր թեկնածուներով ԱԺ նիստին ներկայանալը քաղաքական հանգուցալուծման չէր կարող բերել: Մինչեւ ապրիլի 30-ը ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի ընդհանուր հայտարար ձեւավորել, որովհետեւ ինչպես նշել ենք, շատ կարեւոր է ոչ միայն վարչապետի թեկնածուի համախոհությամբ ընտրելու հարցը, այլ նաեւ այն օրակարգը, այն ճանապարհային քարտեզը, թե ինչպես պետք է ֆորս մաժորից դուրս գա երկիրը եւ կարողանանք խնդիրների հանգուցալուծումը ճիշտ գտնել»,-հայտարարեց նա:

Հարցին, թե արդյոք արդեն հանդիպել են ԱԺ մյուս քաղաքական ուժերին, եթե այո, ապա ինչպես են նրանք արձագանքել բոլորով միասնական թեկնածու առաջադրելու ՀՅԴ-ի մոտեցմանը, դաշնակցական գործիչը պատասխանեց. «Որոշակի հաղորդակցություն կա, բայց որպես այդպիսին պայմանավորվածություններ կամ առարկայական քննարկումներ՝ ոչ»: Այլ մանրամասներ նա չնշեց:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: «Ելք»-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Վարչապետը ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ՀՅԴ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ առաջարկել էր, որ մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ եւ գործունեության ծրագիր: