Ռուս փորձագետը հեղափոխական սցենարը վտանգավոր է համարում Հայաստանի համար

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտի ղեկավար Գլեբ Կուզնեցովն անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին և կարծիք հայտնել, որ Հայաստանում իշխանությունը չի կարող ձևավորվել հրապարակում աղաղակելու եղանակով, քանի որ այդ պարագայում Երևանում չի լինի միջազգայնորեն ճանաչված իշխանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գլեբ Կուզնեցովի կարծիքը ներկայացված է ВЗГЛЯД թերթի «Փաշինյանը կարող է կործանել Հայաստանը» խորագիրը կրող հոդվածում: «Այդ պարագայում Հայաստանի շրջակա պետությունները Հայաստանի նկատմամբ պարտականությունները կատարելու անհրաժեշտություն չեն ունենա»,- ասել է փորձագետը:

Նա կարծիք է հայտնել, որ Խորհրդարանի ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կամ առևտուր է անում, կամ իսկապես մտադիր է գնալ Միխայիլ Սահակաշվիլու, կամ ուկրաինական մայդանի ճանապարհով: «Իմ կարծիքով, երկրորդ տարբերակն ավելի նման է ճշմարտությանը: Կարդացեք այդ մարդու կենսագրությունը: Նա ֆանատիկ է: Մարդ է, ով իր կյանքում ոչնչով չի զբաղվել, բացի նրանից, որը նա համարում է լավ ապագայի  համար ճիշտ պայքար: Նա պարզապես համարում է, որ Հայաստանի համար ավելի լավ կլինի, եթե ինքը լինի իշխանության: Դրա համար ես միտք չունեմ նրան հումորով վերաբերվել, ինչպես շատերն անում են: Ես նաև մտադիր չեմ թերագնահատել նրա ներուժը: Հակառակը` հարկավոր է նրան որպես լուրջ սպառնալիք ընդունել: Մենք մանկուց հիշում ենք մի արտահայտություն` «հեղափոխությունն ունի սկիզբ, սակայն չունի ավարտ: Իրադարձությունները կարող են ցանկացած սցենարով գնալ, այդ թվում` Հայաստանի համար բացասական սցենարով»,- ասել է Կուզնեցովը: