Ստացվել է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ կապված ՀՀ մայրաքաղաքում տեղի ունեցող հայտնի իրադարձությունների հետ:

Դրանում մասնավորաբար ասվում է. «Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի այլ քաղաքներում ընթացող բողոքի ցույցերին: Մենք անհանգստացած ենք, սակայն, ոստիկանության և ցուցարարների միջև երբեմն տեղի ունեցող բախումների մասին տեղեկությամբ, որի ընթացքում եղել են տուժածներ: Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններից»:
Այն, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիաները, որոնք իրենց շրջանակներում օրեցօր է՛լ ավելի լայն ժողովրդական զանգվածներ են ներառում, իսկականփորձաքար է դարձել ոստիկանապետի գլխին, ակնհայտ փաստ է:
Պայմանավորված հատկապես անցումային փուլին բնորոշ առանձնահատկություններով՝ այժմ ոստիկանության գործողությունների ողջ պատճառահետևանքային բեռն ուղղակիորեն կրում է անձամբ Հայաստանի ոստիկանապետը, ով, դատելով ամենայնից, դեռևս փորձում է ձեռնպահ մնալ խիստ բիրտ գործողություններից:

Սա, թերևս, որպես պարզ իրողության ամրագրում:
Սակայն հարցն այստեղ այն է, թե որքան ամուր կգտնվեն Վլադիմիր Գասպարյանի՝ առանց այն էլ ծայրաստիճան պրկված նյարդերը, քանի որ կարծես թե Փաշինյանը զենքերը վայր դնելու մտադրություն այնքան էլ չունի:
Ավելին՝ ակնհայտ է դառնում, որ իրավիճակի ձգձգումն ու միջազգային արձագանքը սպառնում են Գասպարյանի համար վերածվել իսկական մղձավանջի, եթե իշխանություններին չհաջողվի խաղաղ մեթոդներով մինչև վերջ սեփական վերահսկողության տակ պահել իրավիճակն ու Փաշինյանին ու համախոհներին անարյուն վնասազերծել:

Մյուս կողմից անվիճելի է, որ Պետքարտուղարության հայտարարության տեսքտում կա հստակ, անթաքույց ակնարկ՝ ուղղված հատկապես ոստիկանությանը՝ համբերատար գտնվելու, զերծ մնալու բռնի գործողությունների դիմելուց, ինչը, թերևս, կարելի է յուրատեսակ գնահատական համարել ստեղծված իրավիճակին:
Սա նշանակում է,որ Վլադիմիր Գասպարյանն այլևս անցել է կարմիր գիծն, ու սրանից հետո հենց նա էգտնվելու միջազգային հանրությանխոշորացույցի տակ՝ հանգամանք, որը, հարցի արժեքը Գասպարյանի համար ծայրաստիճան մեծացնում է:

Ոստիկանապետն այժմ երկու քարի արանքում է հայտնվել. մի կողից երկրի իշխանություններն են՝ Գասպարյանի նկատմամբ որդեգրած պահանջատիրական կեցվածքով, մյուս կողմից միջազգային հանրությունն՝ իր ժողովրդավարական չափանիշներով, ու վայն եկել-տարել է Վովա Գասպարյանին, եթե չարդարացնի այն բոլոր հույսերը, որ կապում են նրա հետ թե՛ մեկ ու թե՛ մյուս կողմը:

Աղբյուրը՝ usarmenianews.com