Բրիտանական The Daily Mail պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել Կանադայի վարչապետին՝ լիբերալ քաղաքականության «աստղ» Ջասթին Տրյուդոյին, որը հայտնի է տարբեր հարցերի շուրջ իր յուրահատուկ մոտեցումներով:
Աղբյուրը նկատում է, որ Տրյուդոն նորից հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, երբ նախորդ ամիս ընտանիքի՝ կնոջ ու երեք երեխաների հետ այցելել է Հնդկաստան: Այնտեղ վարչապետն իրեն շատ անկաշկանդ է պահել ու ամեն ինչ արել է հնդիկների համակրանքին արժանանալու համար:
Վարչապետը կնոջ ու երեխաների հետ հաճույքով կրել է ավանդական հնդկական տարազներ, ոգևորված պարել է բոլիվուդյան աստղերի պես ու լուսանկարվել մարդկանց հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճիշտ հակապատկերը համարվող Տրյուդոն առիթը բաց չի թողնում իր՝ հմայիչ ու արտասովոր քաղաքական գործիչ լինելու փաստն ընդգծելու համար:
Նա վարչապետ է դարձել 44 տարեկանում՝ 2015թ., ու անմիջապես արժանացել մարդկանց համակրանքին:
Նա լրջորեն մտահոգվում է բնապահպանական խնդիրների, մոլորակը փրկելու հարցի շուրջ, մեծ ոգևորությամբ Կանադայում ընդունում է ներգաղթյալներին, ակտիվորեն աջակցում է ֆեմինիստական շարժմանը, օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը, ձևավորել է գենդերային հավասար կաբինետ, հարմար առիթի դեպքում ի ցույց է դնում յոգայի ասպարեզում ունեցած հմտությունները:
Ամերիկյան Vogue-ը նրան ներառել է Ներկայում ապրող 10 ամենասեքուալ տղամարդկանց ցանկում՝ նկատելով, որ Տրյուդոն «երազանքների քաղաքական գործիչ է»:
Հետաքրքրական է, որ Տրյուդոն կողմ է երկրի ազգային օրհներգը գենդերապես չեզոք դարձնելուն ու տեքստից «որդիներ» բառը հեռացնելուն: Նա նաև նշել է, որ այնպես կդաստիարակի երկու որդիներին, որ նրանք պայքարեն սեքսիզմի դեմ ու աջակցեն ֆեմինիզմին:
Վարչապետը տարօրինակ գուլպաներն առանց կաշկանդվելու կրում է ամենատարբեր միջոցառումներին՝ գրավելով բոլորի ուշադրությունը:
Աղբյուրը՝ tert.am