Դոնալդ Թրամփը պետք է ներողություն խնդրի… Աֆրիկյան միություն

Աֆրիկյան միությունը պահանջել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներողություն խնդրի մայրցամաքի պետությունները «ետնախորշեր» անվանելու համար: 

Աֆրիկյան միությունը մասնավորապես նշում է հետեւյալը. «Արտահայտելով իր զարմանքը, շփոթմունքն ու զարհուրանքը, Աֆրիկյան միությունը հաստատակամ է այն համոզման մեջ, որ ներկայիս ադմինիստրացիան մեծ շփոմունք է ապրում աֆրիկյան մայրցամաքի վերաբերյալ։ Կա աֆրիկյան երկրների ու ԱՄՆ կառավարության միջեւ երկխոսության անհրաժեշտություն»։

Ամերիկյան առաջնորդն այս մեկնաբանությունն արել է հինգշաբթի օրը՝  ներգաղթի թեմայով հանդիպման ժամանակ:

Սակայն Թրամփը հերքում է, որ օգտագործել է այն արտահայտությունները, որոնք նշվում են:

Հանրապետական կուսակցության 2 անդամներ, ովքեր մասնակցել են Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը, պաշտպանել են նրան, սակայն Դեմոկրատական կուսակցության սենատոր Դիք Դուրբինն ասել է, որ Թրամփը մի քանի անգամ անվանել է աֆրիկյան երկրները «ետնախորշեր» և խոսքի մեջ իրեն թույլ տվել ռասիստական արտահայտություններ:

Ասվում է, որ պարոն Թրամփը նշել է, թե բնական աղետներից, պատերազմներից ու համաճարակներից տուժած երկրների քաղաքացիներին ժամանակավոր կացարան տրամադրելու փոխարեն պետք է ներգաղթյալներ ընդունել այնպիսի պետություններից, ինչպիսին է Նորվեգիան։

«Ինչո՞ւ ենք մենք ընդունում բոլոր այն մարդկանց, որ «ետնախորշերից» են գալիս», – մեջբերում է նախագահի բառերը Washington Post-ը։

Ուրբաթ օրը Թրամփը Twitter-յան իր էջում գրել է, որ իր օրենսդիրների հետ մասնավոր հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր միգրացիոն օրենսդրությունը, իր օգտագործած բառապաշարը եղել է «կոպիտ»: 

Սակայն ավելացրել է, որ իրեն վերագրած խոսքերն այնպիսին չէին, ինչպիսին ներկայացվում են ներկաների կողմից։

Բոտսվանայի ղեկավարությունն իր մոտ է կանչել ԱՄՆ դեսպանին ու խնդրել մանրամասնել՝ արդյոք Բոտսվանան դիտարկվում է որպես «ետնախորշ»՝ հաշվի առնելով այն փաստը, որ կան տվյալ երկրի քաղաքացիներ Միացյալ Նահանգներում։

ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գծով ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլն ասել է, որ եթե լուրերը հաստատվեն, ապա դա ամոթալի է՝ հավելելով. «Ներողություն, բայց չկա ավելի հարմար բառ տեղի ունեցածը նկարագրելու համար, քան ռասիզմ»։

Ներկաներից շատերը շարունակում են նոր տեղեկություն հաղորդել հանդիպման վերաբերյալ։ Սպիտակ տունն այն չի հերքել։

LosArmNews.am