Ամերիկացիների մեծ մասը պատրաստ է հաջորդ ընտրություններում Թրամփի փոխարեն Օփրա Ուինֆրիին ընտրել. սոցհարցում

Ամերիկյան հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հայտնիության ցուցանիշով գերազանցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս են վկայում Rasmussen Reportsընկերության կողմից օրերս անցկացված սոցհարցման արդյունքները:

Հետաքրքրական է, որ սոցհարցումն անցկացվել է Ուինֆրիի կողմից ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելու վերաբերյալ խոսակցությունների տարածման ֆոնին:

Հիշեցնենք, որ անցած կիրակի Ուինֆրին ազդեցիկ ճառով ելույթ էր ունեցել Լոս Անջելեսում կայացած «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ: Դրանից հետո բազմաթիվ ամերիկյան լրատվամիջոցներ եզրակացրել են, որ կարևոր թեմաների շուրջ նման տպավորիչ ելույթով հանդես եկած Ուինֆրին կարող է մասնակցել 2020թ. նախագահական ընտրություններին:

Սոցհարցման արդյունքերի համաձայն՝ եթե նախագահի պաշտոնին հավակնեն Ուինֆրին ու Թրամփը, ապա հարցվածքների 48%-ը կքվեարկի հաղորդավարուհու, 38%-ը՝ գործող նախագահի օգտին: Հետաքրքրական է, որ Ուինֆրիին իրենց աջակցությունը հայտնած հարցվածների ճնշող մեծամասնությունը դեմոկրատներ են: Նշվում է, որ սոցհարցումն անցկացվել է 1.000 մարդու շրջանում:

Մինչդեռ Թրամփը շտապել է արձագանքել լրատվամիջոցների ենթադրությանը՝ լուրջ թերահավատություն հայտնելով հաղորդավարուհու առաջադրման կապակցությամբ: Բացի այդ, նա նշել է, որ առաջադրվելու դեպքում Ուինֆրին չի կարող իրենից առաջ անցնել:

Աղբյուրը՝ tert.am