Դեկտեմբերի 3-ից Ռուսաստան-Թուրքիա հակամարտության գիծը Սիրիայից տեղափոխվեց Արցախ և Հայաստան

Դեկտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ ՎլադիմիրՊուտինի և Բաքվում Թուրքիայի վարչապետ Դավութօղլու հայտարարությունները հակամարտության թեժ գիծը Սիրիայից տեղափոխեցին Հայաստան և Արցախ: Սա ամենևին փորձագիտական հնարք չէ, այլ՝ դառը ճշմարտություն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային հղած իր ուղերձում , անդրադառնալով Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման փաստին ասել է.՛՛Մենք չենք պատրաստվում և նպատակ չունենք ՛՛զենք ճոճել՛՛: Բայց եթե որևէ մեկը կարծում է, իրականացնելով ստոր ռազմական հանցագործություն՝ մեր մարդկանց սպանությունը, որ կարող է խուսափել պատասխանատվությունից լոլիկով կամ շինարարության և այլ ոլորտներում ինչ-որ սահմանափակումներով, նա խորապես սխալվում է՛՛:

Սա շատ լուրջ սպառնալիք է Ռուսաստանի նման երկրի նախագահի կողմից և հասկանալի է, որ այս սպառնալիքի հիմնական ուղղությունը Թուրքիայի տարածքում անկախ Քրդստանի ստեղծումն է, ինչպես նաև Թուրքիայի արևելքում ու հարավ-արևելքում քուրդ զինյալների գործողությունների ակտիվացմանը լուրջ աջակցության:

Կարճ ժամանակ հետո ականատեսը կլինենք, թե ինչպես քրդական զինյալները կակտիվանան Թուրքիայի հարավ-արևելքում և արևելքում: Երկարաժամկետ զինված բախումներ կլինեն քրդական ուժերի և թուրքական բանակի միջև նաև Հայաստանի անմիջական սահմանին և հարևանությամբ : Ւ վերջո, կզգացվի ուժեղ ՛՛ռուսական ձեռքն՛՛ այդ հակամարտությունում: Իսկ ՛՛ռուսական ձեռքը՛՛ կարող է երկարել նաև Հայաստանից և հաստատ այդպես է լինելու:

Թուրքիան Սիրիայում այլևս անելիք չունի և ինչպես վկայում է թուրքական մամուլը, Սիրիա-Թուրքիա 98 կմ սահմանային հատվածի փակումը համաձայնեցված է գերտերությունների միջև և այն ընդամենը ժամանակի հարց է:

Դեկտեմբերի 3-ին Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կանգնելու է Ադրբեջանի կողքին, մինչև Ղարաբաղում ՛՛գրավյալ տարածքների՛՛ վերջին սանտիմետրը ՛՛չազատագրվի՛՛:

Եթե Ռուսաստանը սպառնում է թուրք-քրդական զինված հակամարտությամբ, ուր Հայաստանին ևս դերակատարություն կտրվի, քանի որ արդեն երկու շաբաթ է ակտիվ գործողություններ են իրականացվում մեր սահմանի հարևանությամբ՝ Իգդիրում և Արարատ լեռան երկու հակադիր փեշերին , ապա Թուրքիան սպառնում է պատերազմով Ղարաբաղում:

Մենք, մեր կամքից անկախ, հայտնվել ենք Ռուսաստան- Թուրքիա հակամարտության կիզակետում:

Էդիկ Հովսեփյան / Armweeklynews.am