Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26­-ը կողմ են քվեարկել նախագծին, 12-­ը` դեմ:

Քննարկմանը մասնակցած ու ելույթ ունեցած պատգամավորների մեծամասնությունը կողմ էր հանդես գալիս, որ Ֆրանսիան ունենա օրենք, որով պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ: «Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, որն ունի ժողովրդավարության պահպանման հարցում: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի պատգամավորները կլինեն միասնական օրինագծի քվեարկման ժամանակ»,-­քննարկման սկզբում հույս էր հայտնել Բուայեն:

2013 թվականի հունվարին Բուայեի պատրաստած նախագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն սահմանադրությանը հակասող էր ճանաչել:

www.hayernaysor.am