Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի կործանումը նոր երանգ հաղորդեց այս օրերին ամբողջ աշխարհը ցնցած ահաբեկչական գործողությունների թեմային: Ենթադրություններն ու մեկնաբանություններն ամենաբազմազանն են, մի բան, սակայն, հստակ է, արդյունքում Թուրքիան շարժեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զայրույթը և ըստ վերջինիս հայտարարությունների` դրդեց կտրուկ գործողությունների գնալ:
ՌԴ վարչապետն իր ելույթում նշել է, որ այս իրադարձության հետևանքով 3 բան է ակնհայտ`
- Թուրքիան կանգնած է Սիրիայի ահաբեկիչների թիկունքում /Իսլամական պետության ներկայացուցիչները մեծ գումարներ են վաստակել` Թուրքիային զարտուղի ճանապարհներով նավթ մատակարարելով/,
- Ռուսաստանը կարող է խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-ի հետ
- Ռուսաստան –Թուրքիա հարաբերությունները կխզվեն
Ժամեր անց Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի հետ ոչ թե պարզապես հարևանական, այլ ընկերական հարաբերություններ էին, և Թուրքիան, փոխարենը Ռուսաստանի հետ կապվելու և տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ անելու` անմիջապես կապվել է ՆԱՏՕ-ի հետ:
Առաջին արձագանքը ՌԴ-ի կողմից չուշացավ, ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատանը պաշտոնապես հայտարարվեց, որ բոլոր տեսակ հարաբերությունները խզվում են:
Այս օրերին Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարեց, որ նրանք ընդամենը պաշտպանել են իրենց երկրի սահմանները: Իսկ այն, որ ուղղաթիռը պատկանում է Ռուսաստանին, իմացել են կործանումից հետո:
Հաջորդ քայլը, որ այսօր լրատվամիջոցների ամենաընթերցված նյութերի շարքում էր, ՌԴ-ի «Справедливая Россия» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի սոց ցանցում արված հայտարարությունը, ըստ որի Պետդումա է ներկայացվել օրենքի նախագիծ այն մասին, որ այսուհետ Հայոց ցեղասպանությունը մերժողները պատասխանատվությաան կենթարկվեն` կտուգանվեն 300 հազար ռուբլի կամ կազատազրկվեն մինչև 3 տարի ժամկետով, առանձին դեպքերում տուգանքը կարող է հասնել մինչև 500 հազար ռուբլի կամ մինչև 5 տարի ազատազրկում:
Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես քննադատել էր Պուտինին այն բանի համար, որ նա 20-րդ դարում հայերի հանդեպ թուրքերի կողմից իրականացված գործողություններն անվանել էր ցեղասպանություն:
Ինչպե՞ս մեկնաբանել այս քայլը, եթե ոչ կանխամտածված շախմատային քայլ:
Ինչո՞ւ մինչև վերջին իրադարձությունները որևէ կուսակցություն կամ խմբավորում ՌԴ պետդումայում առաջ չքաշեց Հայոց ցեղասպանության հանդեպ այս տեսակ “հարգալից” վերաբերմունքը: Իրենց շահը Թուրքիայից ավելի՞ն էր, քան` արդարության ճանաչումը, թե՞ այս կերպ Հայոց Ցեղասպանությունը կամ հենց ինքը` Հայաստանը, կդառնա Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կարգավորելու լավագույն զենքը:
Ինչքանո՞վ արդարացի կլինի սեփական շահադիտական նպատակներով “խաղալ” մի ամբողջ ազգի հույզերի հետ:
Արդյո՞ք սա նոր լարվածություն չի բերի Հայաստանի` առանց այդ էլ լարված ներքաղաքական մթնոլորտում, երբ ամեն մեկն առիթ է փնտրում դավաճաններ, օտարամոլներ գտնելու` այդ կերպ վարկաբեկելով և ավելի թուլացնելով ներկայիս իշխանությունների դիրքերը:
Մնանք սպասելով` հետևելով զարգացող իրադարձություններին: