«Ադրբեջանի կառավարությունը անդառնալիորեն կորցրել է մարդկային նորմերը. Հայաստանին այլ ընտրություն չի մնում…»

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում է Նյու Յորքում` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանին: Նախագահի համոզմամբ ՄԱԿ-ի ստեղծումը մարդկության մեծագույն նվաճումներից է, որը թույլ է տվել ընդհանուր իղձերի և սկզբունքների շուրջ համախմբել ժողովուրդներին: «Աշխարհի ժողովուրդներին հնարավորություն տրվեց ինքնորոշվելու, պետականություն կերտելու և իրենց ճակատագիրը տնօրինելու իրենց իսկ ստեղծած պետությունում՝ ՄԱԿ-ի անդամների թիվը 51-ից հասցնելով 193-ի»,-նշել է նա:

Սեպտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում: Իր ելույթում նախագահն անդրադրձել է հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` շնորհակալություն հայտնելով մի շարք երկրների ցեղասպանության ճանաչման հարցում իրենց դիրքորոշման համար:

Խոսել է մերձավորարևելյան ճգնաժամի և փախստականների խնդրի մասին` նշելով,- «հայերը լավ գիտեն փախստականի ճակատագիրը»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը համարել է «պատմական նշանակության շրջադարձային պայմանավորվածություն, որը նպաստելու է համաշխարհային մակարդակով ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ու փոխադարձ վստահության ամրապնդմանը»:

«Հայաստանը, որի հարևանները անօրինական շրջափակում են իրականացնում, անթույլատրելի է համարում 21-րդ դարում միջմշակութային, մարդկային շփումները խաթարող և առևտրային կապերի համար արհեստական խոչընդոտներ ստեղծող անհեռատես քաղաքականությունը», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Իր ելույթում նախագահը խստորեն քննադատել է Ադրբեջանի վարած «ագրեսիվ» քաղաքականությունը:

«Ցանկանում եմ Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ի լրումն տարատեսակ սադրիչ գործողությունների, արդեն սկսել է կիրառել խոշոր տրամաչափի հրետանի` կրակի տակ պահելով ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանամերձ շրջանների խաղաղ բնակավայրերը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի սահմանամերձ գոտում ադրբեջանական ռմբահարման զոհ դարձան երեք կին՝ իրենց տանը, իրենց այգում խաղաղ աշխատող հայ կանայք», – մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը` նշելով, որ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության արդյունքում ղարաբաղյան հակամարտության գոտում արձանագրվել է լարվածության աճի միտում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հինգ հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի` նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում: Մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը` ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը մատնանշել է մի քանի երևույթներ, որոնք գալիս են փաստելու, թե թե որ կողմն է հրահրում հրադադարի խախտումները` համարելով դա վաղուց բոլորի համար ակնհայտ իրողություն:

Տարօրինակ չէ՞ արդյոք, որ Ադրբեջանը տարիներ շարունակ համառորեն հրաժարվում է դիպուկահարներին հետ քաշելու և հրադադարի խախտումների մեխանիզմ ստեղծելու՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկից: Հարց է առաջանում՝ ինչի՞ց է վախենում Ադրբեջանը:

Տարօրինակ չէ՞, որ Ադրբեջանում հյուրընկալված Եվրոպական խաղերի ընթացքում, երբ նրանց անհրաժեշտ էր կայունության պատկեր, գրեթե ոչ մի կրակոց չի հնչել սահմանին, մինչդեռ խաղերից անմիջապես հետո, դրանք լայնորեն վերսկսվեցին: Չեմ ակնկալում, որ հավատաք որևէ կողմի պնդումներին, ընդամենն ակնկալում եմ, որ ապավինեք տրամաբանությանը:

Տարօրինակ չէ՞, որ 21-րդ դարում մեր հարևանն ամեն օր, առանց հոգնելու, հպարտանում է սպառազինությունների գերկուտակմամբ և ռազմական բյուջեի բազմապատկմամբ, որ համառորեն շարունակում է հանդես գալ պատերազմը վերսկսելու սպառնալիքով, ընդ որում դա անում է պետության ղեկավարի մակարդակով»:

«Կարծում եմ՝ այժմ բոլորի համար է ակնհայտ, թե ինչու էր Հայաստանը տարիներ շարունակ հետևողականորեն հորդորում միջազգային հանրությանը ոչ թե ընդհանրական, այլ հասցեական հայտարարություններ անել հրադադարի խախտումների վերաբերյալ: Մենք պետք է հասկանանք, որ խաղաղությանը և անվտանգությանը սպառնացող նախանշանները քողարկելու փորձերը կարող են աղետալի հետևանքներ ունենալ», – ընդգծել է Սարգսյանը:

«Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը», – ասել է Հայաստանի նախագահը:

Նապագահն այս ելույթով կարծես ձեռնոց նետեց Ադրբեջանին` միջազգային հանրության առջև  հայտարարելով անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր ձեռնարկելու մասին:

Ա.Ս.