ԱՄՆ-ը կրկին նետում է փրկօղակը, ո՞վ կվերցնի այն

Երեկ Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ուղերձն աչքի է ընկնում հայ-ամերիկյան հարաբերությունը բնորոշող բավականին ընդգծված շեշտադրումներով: Քերին, օրինակ, Հայաստանի և ԱՄՆ հարաբերությունները գնահատում է աննախադեպ ուժեղ՝ վկայակոչելով ներդրումային հարաբերությունների խորացումը: Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը շեշտադրում է Հայաստանին աջակցության մասին ոչ միայն զարգացման և ժողովրդավարական բարեփոխումների, այլ նաև անվտանգության հարցում:

Թերևս, աննախադեպ կարելի է որակել այն, որ Քերին անկախության առիթով իր ուղերձում հիշատակում է միջազգային խաղաղապահ առաքելություններում հայկական զորքերի մասնակցությունը: Ընդ որում՝ այստեղ հետաքրքրական դիտարկման է արժանի այն, որ նա խոսում է ոչ թե Հայաստանի, այլ հայկական զորքերի մասին՝ երևի թե ակնարկելով նաև ճանաչում ղարաբաղյան զինուժի մասով: Սա իսկապես բավական շոշափելի քաղաքական երանգներ պարունակող շնորհավորական ուղերձ է, որն ինչ-որ առումով, իհարկե, հակասության մեջ է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության հետ:

Խնդիրն այն է, որ կատարյալ ռուսահպատակ այս քաղաքականությունը պետք է որ հակառակ ռեակցիա առաջացներ ԱՄՆ մոտ: Սակայն, ինչպես երևում է, Միացյալ Նահանգներն այլ կերպ է վերաբերվում իրականությանը: Խնդիրը այստեղ, իհարկե, Հայաստանի հանդեպ անսահման սերը չէ, կամ միայն բարեկամությունը չէ խնդիրը, այլ այն, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում ունի շահեր, և այս շահերի համատեքստում Հայաստանը ունի կարևոր դեր: Եվ այստեղ հայ-ամերիկյան պետական շահերը էապես համընկնում են՝ ի տարբերություն հայ-ռուսական շահերի: Հայ-ռուսական շահերը զարգանում են լիովին հակառակ ընթացքով, ինչի մասին նույնիսկ Հովիկ Աբրահամյանը օրերս ակամա խոստովանեց՝ ասելով, թե գոնե գազի գինը ռուբլով հաշվարկելուն Ռուսաստանը թող ընդառաջի, և թող այդպիսով գոնե մեկ անգամ կատարվի Հայաստանին ձեռնտու քայլ: Այսինքն՝ մնացյալ բոլոր քայլերը կատարվում են Հայաստանին ոչ ձեռնտու տարբերակով:

Եվ ահա, հայ-ռուսական իբր ռազմավարական հարաբերություններում շահերի այս աղաղակող հակադրության ֆոնին Հայաստանի և ԱՄՆ շահերը իրապես ներդաշնակ են, և սա պատմական ներկայիս ժամանակահատվածում Հայաստանին թույլ է տալիս ակամա խուսափել աղետից, չնայած Հայաստանի պետական քաղաքականության ուղղակի աղետալի որոշումներին ու քայլերին: ԱՄՆ-ը հերթական անգամ առաջարկում է իր աջակցությունը և գործընկերություն ակնկալում Հայաստանից: Առայժմ՝ միջազգային արդիական հարցերում գործընկերության կարողություն ցուցաբերել է երևի թե միայն հայկական բանակը, որը քիչ թե շատ դիվերսիֆիկացված հարաբերություններ է կառուցում Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի միջև: Սակայն, ի վերջո, խնդիրը պետական քաղաքականությունն է, և եթե այստեղ Հայաստանը վերջիվերջո չցուցաբերի գործընկերային ունակություն, ապա հազիվ թե հնարավոր լինի անընդհատ փրկվել լոկ ԱՄՆ աջակցության միջոցով:

Առավել ևս, որ խնդիրը այստեղ ընդհանրապես վերաբերում է Հայաստանի հանրային աջակցությանն ու դիրքորոշմանը, որովհետև հայաստանյան իշխանությունն այս առումով վաղուց սնանկ է, և խնդիրն այն է, թե ինչքանով է նոր իրավիճակին, մարտահրավերներին և դաշնակցային ու գործընկերային իրական, արդիական հեռանկարներին վերաբերվում Հայաստանի հասարակությունը, որքանով է պատրաստ միջազգային հանրության իրական գործընկեր լինել Հայաստանի հասարակությունը և ձևավորել այդ գործընկերության քաղաքական նոր հարթակներ:

Աղբյուրը` www.1In.am