Իսլամական պետությունն ու Ադրբեջանը.
Ադրբեջանի ավելի քան 1500 քաղաքացի կռվում է Իսլամական պետության զինված ջոկատներում, ընդդեմ սիրիական կառավարական զորքերի: Այդ մասին հայտարարվում է բացեիբաց: Timeturk տեղեկատվական գործակալությունը տեղեկացնում է, որ նրանք հիմնականում «Մահմուդ» ջոկատի կազմում են:
2014-ից Սիրիայում ու Իրաքում սպանվել է շուրջ 300 ադրբեջանցի, ինչի մասին ստիպված է եղել հայտարարել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը: Դեսպանատունը հայտարարել է նաեւ, որ գրոհայինները Սիրիա են մեկնել Թուրքիայի տարածքով:
Ադրբեջանի կառավարությունը երկակի խաղ է խաղում: Մի կողմից, նա փորձում է հեռավորություն պահել գրոհայիններից, միաժամանակ փորձում է սուննի միջազգային կազմակերպություններին ու պետություններին ցույց տալ, որ շիա աշխարհին Ադրբեջանի պատկանելությունը գործնական քաղաքական նշանակություն չունի, եւ Բաքվում պատրաստ են աջակցել սուննի պետություններին ու նրանց շահերը, ինչը նշանակում է դիմակայություն Իրանի հետ:
Ադրբեջանը ֆինանսավորում է Ռուսաստանից ու այլ երկրներից զենքի գնումներն ու Թուրքիայի տարածքով մատակարարում Իսլամական պետությանը: Բացի այդ, Ադրբեջանը Իսլամական պետությանը տրամադրում է հետախուզական տեղեկատվություն, որի մի մասն իրականում հնարովի է եւ նույնիսկ ճշմարտանման չէ:
Ադրբեջանը Սիրիայի ալավի ռեժիմի ու Իրաքի շիա իշխանության դեմ պայքարով ցանկանում է սուննի պետություններին ապացուցել, որ լիովին պատրաստ է դիմակայել Իրանին:
Ադրբեջանը նաեւ ձգտում է սերտ հարաբերություններ հաստատել քրդական կազմակերպությունների հետ, ինչը մասնակի հաջողվում է, սակայն քրդերն ընդհանուր առմամբ անվստահությամբ են վերաբերվում Ադրբեջանին:
Ներկայում Ադրբեջանի գլխավոր շտաբը կիրառում է տարբեր նախաձեռնություններ Իսլամական պետության համար գրոհայիններ հավաքագրելու եւ ուղարկելու համար: Կա որոշում՝ ապագայում պատրաստել 10 հազար գրոհայինների, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանի քաղաքացիներից, Իսլամական պետության եւ իսլամական արմատական այլ կառույցների կարիքների համար:
Իսլամական պետությունը Ադրբեջանը դիտարկում է որպես Մերձավոր Արեւելքում ավելի էական դեր խաղալու հնարավորություն, ինչպես նաեւ առանձին պետությունների ու միջազգային արմատական կազմակերպությունների ուշադրությունը Հարավային Կովկասի իրադարձություններին կենտրոնացնելու միջոց: Ադրբեջանում զգացել են, որ ժամանակն է ավելի գերադասելի երեւալ սուննի աշխարհում:
Ռուսաստանի ռազմա-քաղաքական փորձագետների տեղեկություններով, ներկայում Ռուսաստանը, հասկանալով, որ Հայաստանը շահագրգիռ է Մերձավոր Արեւելքի իրադարձություններին մասնակցության մեջ, նախեւառաջ՝ Իսլամական պետության դեմ կոալիցիայում, փորձում է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ լարվածությունը մեծացնելով վերջինիս ստիպել հրաժարվել այդ նպատակից: Կասկած չկա, որ Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով ձեռք է բերում Մերձավոր Արեւելքում ազդեցության լծակներ:
Ադրբեջանը երկար ժամանակ չուներ արաբական երկրների հետ հարաբերությունները զարգացնելու շանսեր, որոնք Ադրբեջանը դիտարկում էին Իսրայելի մերձավոր դաշնակից ու գործընկեր: Արաբ փորձագետներից ու քաղաքական գործիչներից շատ եմ լսել, որ «Ադրբեջանը հակաարաբական պետություն է»:
Ներկայում, իհարկե, Ադրբեջանը չէր ցանկանա սահմանափակել իր հարաբերություններն Իսրայելի հետ, որը Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից է, սակայն տարածաշրջանում ստեղծվում է նոր իրավիճակ, երբ Իսրայելը արաբական առաջատար պետությունների հետ հարաբերություններ է հաստատել հակաիրանական հողի վրա: Այդ պատճառով, Իսլամական պետությանն աջակցությունը իրական հնարավորություն է դարձել Սաուդյան Արաբիայի եւ արաբական այլ երկրների հետ մերձենալու համար, երկրներ, որոնք աջակցում են Իսլամական պետությանը:
Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ Ադրբեջանի գլխավոր խնդիրն առայժմ իր տարածքում Իսլամական պետության գործունեությունը թույլ չտալն է:
Քրդական աղբյուրների համաձայն, Ադրբեջանի ներկայացուցիչներն արդեն Սիրիայում գտել են համապատասխան կապեր եւ ձգտում են ընդլայնել դրանք: Առայժմ դա հաջողվում է, սակայն եթե Իսլամական պետությունը որոշի ընդլայնել իր հաջողությունները կամ հակառակը՝ ստիպված լինի իր գործունեությունը Մերձավոր Արեւելքից տեղափոխել այլ շրջաններ, Ադրբեջանը կդառնա բավական հարմար հարթակ այդ գործունեությունը շարունակելու համար:
Ադրբեջանը Դաղստանի քաղաքական ղեկավարներին գնելու երկարամյա փորձ ունի, ծախսելով տարեկան մոտ 15 միլիոն դոլար, իհարկե՝ Ռուսաստանի իշխանության հետ համաձայնեցված, եւ ադրբեջանցիները պատրաստ են ծախսել ավելի մեծ գումարներ, եթե սեղանին դրված է ադրբեջանական պետության գոյության հարցը:
Ադրբեջանի նպատակներից մեկը, գուցե եւ գլխավոր նպատակը Իրանի թուլացումն է, այդ թվում նրան բնական գործընկերներից ու դաշնակիցներից զրկելու միջոցով: Ադրբեջանն ունի Հայաստանը շրջափակելու փորձ, իսկ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն որոշակի դեր են խաղացել Իրանին շրջափակելու հարցում:
Ներկայում Իրանը մեկուսացնելու եւ նրան հարեւաններից կոմունիկացիոն կախվածության մեջ դնելու ժամանակն է: Դա բարդ ու ներկայիս պայմաններում գործնականում անհնար խնդիր է, եթե այդ խնդրին չներգրավվեն Իսրայելը եւ սուննի պետությունները: Կարելի է ենթադրել, որ այդ սցենարին հաճույքով կմիանա նաեւ Ռուսաստանը, ընդ որում՝ ոչ միայն Կովկասյան-Սեւծովյան ուղղությամբ: Այստեղ անսպասելի ոչինչ չկա, Ռուսաստանն ու Ադրբեջանը ունեն ընդհանուր շահեր:
Միաժամանակ, Իրանի ապաշրջափակմամբ շահագրգիռ են եվրոպական խոշոր պետությունները եւ Հեռավոր Արեւելքի պետությունները, այդ պատճառով էլ Իրանին շրջափակելու ծրագիրը մարգինալ է գեոտնտեսական նշանակության ու դերի տեսակետից:
Ադրբեջանի քաղաքական ղեկավարության մեջ հայտնվել են բազմաթիվ արմատականներ, ովքեր ժամանակ առ ժամանակ առաջ են քաշում ֆանտաստիկ ծրագրեր: Այս դեպքում առկա է նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում մեծ կշիռ ձեռք բերելու գաղափարը:
Բաքվում շտապում են, քանի որ աշխարհում արմատապես փոխվել է էներգետիկ իրավիճակը, եւ կասկածի տակ են դրվել նավթային եկամուտները՝ Բաքվի արտաքին քաղաքական մանիպուլյացիաների գլխավոր լծակը: Այս կապակցությամբ, Մերձավոր Արեւելքում ներկայիս իրավիճակը Ադրբեջանը դիտարկում է որպես նոր նշանակություն ձեռք բերելու շանս: Ընդ որում, Բաքվում այնքան էլ գոհ չեն Թուրքիայից, եւ ցանկանում են նոր լծակներ ձեռք բերել նրա հանդեպ:
Իհարկե, գրոհայինների պատրաստումը կապված է Հայաստանի դեմ ուղղված խնդիրների, ինչպես նաեւ Ադրբեջանի ներքին խնդիրների հետ: Այդ խմբերի օգտագործումը Ադրբեջանի ռազմական կարեւոր խնդիրն է, եւ դրանք օգտագործվելու են անհրաժեշտ պահին:
Սակայն խնդիր է այն, որ դրանք անպետք են երկարատեւ ու ակտիվ ռազմական գործողությունների համար: Քրդական աղբյուրների համաձայն, այդ կոնտինգենտի կազմում հիմնականում ապադասային տարրեր են՝ խիստ մերկանտիլ նպատակներով, եւ նրանց օգտագործում են հենց նման ակցիաներում, այդ թվում՝ տեղական քաղաքացիական բնակչության դեմ հաշվեհարդար տեսնելու համար:
Այսպես թե այնպես, Ադրբեջանը շուտով ճանաչվելու է տվյալ զինված խմբերի համակարգային «մատակարար» եւ արմատական կազմակերպությունների հովանավոր:
Աղբյուրը՝ Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; www.lragir.am