Վերջին մի քանի տարիներին ինձ զարմացրել է, թե որքան մեծ է Ազգային Անվտանգությունը (այսուհետ` ԱԱ) որպես կառույց: Մոտավորապես բոլորը, ինձանից բացի (իհարկե դրանում էլ համոզված չեմ), մեղադրվել են ԱԱ-ի անդամ/գործակալ լինելու մեջ: Մարդիկ, որոնք ճանաչված ու հարգված են հասարակության կողմից որպես արվեստագետներ, պատմաբաններ, քաղաքական գործիչներ, անգամ ազգի հերոսները հանկարծակի մատնանշվում են որպես ԱԱ-ի գործակալներ:
Ինչպե՞ս անվանել այս երևույթը, ի՞նչ է այն և ինչո՞ւ:
(Թե ինչպես անվանել` կանդրադառնանք վերջում:)
Այսպիսով, «ի՞նչ է» այն: Նկատե՞լ եք արդյոք, թե որքան տխուր և շփոթեցնող ազդեցություն են թողնում լուրերը վերջին շրջանում: Այդ համատարած շփոթմունքն ու անորոշությունը իշխող քաղաքական ուժերի կողմից վերահսկողության ամենատարածված գործիքներից է, ինչն էլ հասարակությանը պարտության է տանում:
Այս «գործիքի» ջատագովներից է արվեստագետ Վլադիմիր Սուրկովը, ով ներմուծել է կոնցեպտուալ արվեստի հիմնական գաղափարը քաղաքականության մեջ: Այդ գաղափարի նպատակն է խաթարել մարդկանց հստակ ընկալումը, որպեսզի նրանք չհասցնեն հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում:
Սուրկովի «թեթև ձեռքով» Ռուսաստանը վերածվեց տարակուսանք հարուցող, անընդհատ փոփոխվող մի մեծ կրկեսի: Լինելով Պուտինի խորհրդականը` նա օգնել և հովանավորել է Նեո Նազի սափրագլուխների, մարդու իրավունքների պաշտպան խմբերի և անգամ քաղաքական կուսակցությունների, որոնք դեմ էին պուտինյան ռեժիմին: Այստեղ անկյունաքարային է Սուրկովի հայտարարությունը, թե սա է իր աշխատանքի բնույթը` իրականության ու կեղծիքի տարբերակումը անհնարին դարձնելը:
Անցնենք «ինչու» կետին: Այն, ինչ անընդհատ ձևափոխվող է, անհասկանալի է: Այն ինչ անհասկանալի է, հետևաբար անբացատրելի է, իսկ անբացատրելին անհաղթ է: Այսպիսով, տիրող համակարգի դեմ չի կարող ձևավորվել ընդդիմություն` չունենալով ընդդիմանալու հստակ պատճառ, ուղղություն կամ լուծում:
Այս գործիքի ձեռագիրը այսօր նկատելի է աշխարհի բոլոր երկրներում` թե’ ներքին և թե´ արտաքին քաղաքականության մեջ:
Ի դեպ, հասարակական խնդիրները նույնպես զերծ չեն մնացել այս երևույթից: Հիշենք «Էլեկտրիկ Երևան» շարժումը, որի կազմակերպիչները հերոսներ էին, որոնց հավատաց և հետևեց մի ողջ ժողովուրդ: Իսկ շարժումը ավարտվեց նրանով, որ այդ նույն հերոսները դարձան ԱԱ-ի գործակալներ, առաջացավ շփոթեցում, շարժումը բաժանվեց երկու մասի, ի հայտ եկան շարժման ինքնակոչ ղեկավարներ և լուծարվեց:
Լինելով մշտական շփոթության ու անորոշության մեջ` հասարակությունն անզոր է պայքարելու, որը հանգեցնում է ամենասարսափելիին… հիասթափության: Իսկ հիասթափված հասարակություն կառավարելն ամենահեշտն է:
Թե «ինչպես անվանել» այս երևույթը, բառացանկը շատ ծավալուն է, իսկ ընտրությունը` ձերը:
Եվ վերջապես ինչպես լուծել խնդիրը` ինչ գործիքով դուրս գալ պայքարի. հարց, որ մտորումների նոր ալիք է բարձրացնում:
Կարծում եմ, որ մեզ պես շարքային քաղաքացիներին մնում է միայն զինված լինել դարի ամենազորեղ զենքով`ճշմարտացի տեղեկատվությամբ: