Ինչու՞ է Գլենդելի և Հայաստանում ապրող բնակիչների միջև թշնամանք առաջացել

Վերջին շրջանում ակտիվ քննադատվում է մի թեմա, որն այս պահին շոշափելն առնվազն անհեթեթություն է։ Գլենդելում բնակվոր որոշ օգտատերեր լայվերի և տեսանյութերի միջոցով իրենց կարծիքն են արտահայտել Հայաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչը հունից հանել է հայաստանյան բնակիչներին։ Սկսվել է վիրավորական մեկնաբանությունների և ստատուսների շարք։  

Հատկապես շեշտում են, որ Գլենդելում ապրողների կարծիքը նշանակություն չունի և այնտեղից հեշտ-հեշտ չխոսեն։ Ցավալին այն է, որ այս թեմային անդրադարձել են մի շարք պաշտոնավոր անձինք, լինի դա իրենց սոց․ էջերում, թե տարբեր հարթակներում ելույթ ունենալիս։ Սա նույնպես իշխանական և ոչ իշխանական անձանց կողմից հրահրում էր։

Մի հին խոսք կա՝ գյուղ չկա, որ շուն չլինի։ Սա շատ տիպիկ է այս իրավիճակի համար, որոշ մարդկանց սխալ խոսելու պատճառով անտեղի թշնամանք է առաջանում։ Չէ որ Գլենդելում ապրող այդ նույն հայրենակիցներն են, որ այս դժվար ամիսների ընթացքում օգնել են Հայաստանում ապրող բարեկամներին ու ընկերներին։

LosArmNews-ի հավաստի տեղեկություններով, նախկինում ամսական 2 մլն դոլարի փոխարեն վերջին երկու ամսում միայն Գլենդելից Հայաստան է փոխանցվել 10 մլն դոլար։ Սա վկայում է այն մասին, որ սփյուռքը միշտ եղել է ու այս դժվարին պահին ևս իր աջակցությունն է ցուցաբերում հայրենակիցներին։ Տարիներ շարունակ այս նույն սփյուռի փոխանցումների շնորհիվ են լուծվել շատ ու շատ հարցեր ու մի քանի օգտատիրոջ տեսանյութերից չարժի 0-ի հավասարեցնել հայրենակիցների կատարած բարի գործերը։

Աշխարհում տիրող այս դժվար իրավիճակում պետք է հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, չէ որ կարանտինը մի օր կանցնի, բայց սփյուռքին հասցրած վիրավորանքը ոչ։