Ավելի քան 6000 մարդ. ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն են տվել ոստիկանի գործողությունների հետևանքով մահացած Ջորջ Ֆլոյդին

ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն են տվել Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին, որի՝ սպիտակամորթ ոստիկանի գործողությունների հետևանքով մահը երկրով մեկ բողոքի զանգվածային ալիք է առաջացրել՝ ևս մեկ անգամ բարձրացնելով աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության, ռասայական խտրականության հարցը:

Ինչպես նշում է apnews.com-ը, 46-ամյա Ֆլոյդը հուղարկավորվելու է այսօր՝ Հյուսթոնում: Հուղարկավորման արարողությունը լինելու է փակ՝ ի տարբերություն հոգեհանգստի, որին մասնակցել է ավելի քան վեց հազար մարդ:

Նրանցից շատերը կրել են հանգուցյալի պատկերով շապիկներ, որոնց վրա գրված է եղել՝ Չեմ կարողանում շնչել. հայտնի է, որ երբ ոստիկանը գետնին է գցել Ֆլոյդին ու ծնկով մի քանի րոպե շարունակ սեղմած պահել նրա վիզը՝ տղամարդը աղաչել է իրեն բաց թողնել՝ ասելով, որ չի կարողանում շնչել:

Հայտնի է, որ Ֆլոյդին վերջին հրաժեշտը տալ ցանկացողներն այնքան շատ են եղել, որ եկեղեցու առջև մեծ հերթեր են գոյացել:

Նախկինում Ֆլոյդի հոգեհանգստի արարողություններ են կազմակերպել նաև Մինեապոլիս և Ռեֆորդ քաղաքներում:

Արարողության ավարտից հետո Ֆլոյդի դագաղը ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել է հուղարկավորման վայր:

Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախօրեին հանդիպել է սպանվածի ընտանիքի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։

Այս պատահարից զայրացած ցուցարարները պահանջել են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Տասնչորս օր շարունակ հարյուր հազարավոր ցուցարարներ փողոցներում բարձրաձայնել են ռասայական խտրականության խնդրի մասին: Ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ տասը հազար մարդ, տեղի են ունեցել ոստիկանների հետ բախումներ: Սակայն վերջին օրերին ցույցերն առավելապես խաղաղ են: 

Նվազագույնը 11 մարդ է մահացել ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների հետևանքով:

լուսանկարներ tert.am