Կալիֆոռնիայում 34-ամյա հայ է մահացել կորոնավիրուսից

Կալիֆոռնիա նահանգի Գլենդորա քաղաքի բնակիչ Ջեֆրի Ղազարյանի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս դեռ օրեր առաջ՝ Ֆլորիդայում Walt Disney World ու Universal Studios այցելելուց երկու շաբաթ անց, հաղորդում է TMZ կայքը։ Վերջինիս ընտանիքի հավաստմամբ մահացել է Փասադենայի հիվանդանոցում, ինչից առաջ հինգ օր շարունակ նրա շնչառությունն ապահովվել է ԹԱՕ (թոքերի արհեստական օդափոխության) ապարատի միջոցով։

«Նա շատ տանջվեց ու արժանի պայքար մղեց։ Կարոտելու ենք մեր Ջեֆին ամեն օր, բայց շնորհակալ ենք այն բոլոր զվարճալի ու երջանիկ հիշողությունների համար, որ միասին ենք ապրել», – ասաց նրա քույրը։

 Ընտանիքի անդամների տեղեկության համաձայն՝ Ղազարյանը մարտի 2-ին աշխատանքային կոնֆերանսի էր մեկնել Լոս Անջելեսից Օռլանդո, բայց մի քանի օր ավել էր մնացել ընկերների հետ Walt Disney World ու Universal Studios թեմատիկ այգիներն այցելելու համար։ Մինչև մարտի 7-ը նրա մոտ հազ չկար, ինչից հետո նա սկսեց արյամբ հազալ։ Վերադառնալով Լոս Անջելես նա անմիջապես գնաց հիվանդանոց, որտեղ նրա մոտ բարձր ջերմություն գրանցեցին: Ասվեց, որ Ղազարյանը թոքաբորբ ունի և  որոշակի հեղուկներով ու հակաբիոտիկներով նրան ուղարկեցին տուն՝ մինչ պարզ կլինեն COVID-19 թեստի արդյունքները: Նա այդ ընթացքում ինքնամեկուսացվեց: Թեստի դրական պատասխանը եկավ  մարտի 13-ին: Մարտի 14-ին շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց և փոխադրեցին Ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Բժիշկն արձանագրեց, որ այդ ընթացքում հիվանդությունը 60-70 տոկոսով արգելափակել է նրա թոքերը։ 

Դժբախտաբար, չնայած նրան ցուցաբերեցին անհրաժեշտ օգնությունն ու միացրին ԱԹՕ ապարատին, նրա բուժումն ուշացել էր ու նա մահացավ այս հինգշաբթի։ Ղազարյանը ռիսկային հիվանդ էր համարվում՝ հաշվի առնելով փոքր տարիքում ասթմա ու բրոնխիտ ունենալու հանգամանքը։ Նա նաև ամորձիների քաղցկեղ էր տարել 2016 թվականին: Հիվանդության վերահսկողության ու կանխարգելման կենտրոնը (CDC) երիտասարդների շրջանում նախազգուշացում է տարածել, որ վերջիններս վիրուսակիր դառնալու ռիսկային գոտում են։

LosArmNews.com