«Տարոն Ավիա»-ի ղեկավարությունը խոստացել է իրականացնել Գյումրի-Լոս Անջելես չվերթը

«Տարոն Ավիա» ընկերության ղեկավարությունը խոստացել է  հետ վերադառնալ Հայաստան:  Հայկական ավիաընկերությունը  ոչ միայն վերադառնալու,  այլ բոլորովին նոր՝  Գյումրի-Լոս Անջելես  չվերթն  իրականացնելու  ցանկության  մասին տեղեկացրել է Գյումրու քաղաքապետին:

Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս մասին տեղեկացրեց լրագրողներին՝  տարեվերջյան ասուլիսի ժամանակ՝  նշելով՝  դեռ ժամկետը հստակ չէ, սակայն շատ հարցեր արդեն կարգավորված են:«Ճիշտ է, «Տարոն Ավիա»-ի  տնօրինությունը ասել էր՝ գաղտնիք պահեմ, բայց ես լրագրողներից գաղտնիք  չունեմ: Ուզում են Գյումրիից ուղիղ Լոս Անջելես ինքնաթիռ թռնի, իսկ մեր օդանավակայանն ունի նման հնարավորություն»:
2017-ի ապրիլի 25-ին  օդ  բարձրացավ «Տարոն Ավիա»  ընկերության  առաջին ինքնաթիռը, որը կրում էր Մհեր Մկրտչյանի անունը: Սակայն ընկերության կանոնավոր չվերթերը դադարեցվեցին 2018 թվականի հունվարից:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունները հաշվի առնելով՝ նախատեսվում է նաև Գյումրիում  ստեղծել տարածաշրջանում եզակի ազատ տնտեսական գոտի համարվող լոգիստիկ կենտրոնը:  Գյումրու քաղաքապետարանի և  իսրայելական «Լոջիստիք ԷՖ ԹԻ ԶԻ» ՍՊԸ-ի միջև լոգիստիկ կենտրոն ստեղծելու մասին կնքվել է փոխըմբռնման հուշագիր: