Եթե ուսումնասիրենք այն բոլոր բարդույթները, որով տառապում են փոքր ազգերն, ապա ցավալիորեն պիտի փաստենք, որ դրանց մեծ մասի անմիջական կրողը նաև հայերն են: Բոլոր հաջողակներին –յան ազգանվան վերջավորությունը կարելուց բացի, մենք՝ հայերս, մեկ այլ «յուրահատկություն» էլ ունենք՝ պատրաստ ենք գրկաբաց ընդունել ու փառաբանել բոլոր նրանց, ում հետ Հայաստան ժամանելուց հետ 1-2 նկարվող կա:
Այն, թե արդյոք տվյալ անձիք արտերկրում հայտնի ու սիրված են, այդ ենթադրյալ հայտնիությանն ինչ կերպ են հասել՝ մերկանալով, թալանելով, խաղամոլությամբ, կարևոր չէ ու նույնիսկ կարևոր էլ չէ, որ առաջներում մենք նրա անունը չենք էլ լսել. եթե այսօր Հայաստանում վերին էշելոնից իրեն դիմավորող կա, հերիք է:
Այս սցենարը կարող ենք տեսնել, եթե հետահայացք գցենք Հայաստանի վերջին մի քանի «հյուրընկալությունների» վրա: Քիմ Քարդաշյան, Սերժ Թանկյան, Արսինե Խանջյան, օրերս նաև՝ Դեն Բիլզերյան. մարդիկ, ովքեր զարմանալիորեն հայտնվում են Հայաստանում՝ իրենց այցերին ուղղակի կամ անուղղակի կերպով տալով քաղաքական աստառ:
Ապրելով օրինակ՝ Լոս Անջելեսում այս մարդիկ ընդհանրապես որևէ կերպ չեն առնչվում հայ համայնքին վերաբերող հարցերին. շփվում են իրենց պես միայն ազգանվամբ ու ֆինասնապես խիստ կայուն հայերի հետ, բայց երբ կարիք կա «ՀԱՅ» խաղալու, իրենք պատրաստ են իրենց վրա վերցնել այդ «առաքելությունն» ու իրականացնել այցը, որից շահած են դուրս գալիս բացառապես իրենք:
Լոս Անջելեսում ապրող մեր շատ հայրենակիցներ զարմացած են այն վերաբերմունքից, թե ինչպես են մշտապես հայկական ավանդույթներով ու բարքերով հպարտացող հայաստանցիներն ընդունել Դեն Բիլզերյանին: Ու սա այն դեպքում, երբ Լոս Անջելեսում չի գտնվի մի հայ ընտանիք, ով կունենա ընդգծված դրական վերաբերմունք Բիլզերյանի հանդեպ: Արտերկրում ապրող հայերն անգամ մտահոգություն ունեն, որ այս չմտածված քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ և անուղղակի հաղորդագրություն ծառայել երիտասարդների համար՝ հետևելու «հաջողակ և սիրված» խաղամոլի օրինակին:
Ի դեպ, նույն իրավիճակն է նաև այն ժամանակ, երբ Հայաստանից են ներկայացուցիչներ գալիս արտերկիր ու իբր մշակույթի կամ որևէ այլ ոլորտի ներկայացուցիչների հետ ունենում հանդիպումներ: Մեծ մասամբ այն անձիք, ովքեր անցկացնում են այդ պաշտոնական հանդիպումներն ու ներկայացնում են հայ համայնքի դեմքը, չեն վայելում համայնքի սերն ու հարգանքը, էլ չասած, որ նրանց համայնքում հաշված մարդիկ են ճանաչում:
Թե ինչ կերպով են ընտրվում նրանք, ասել չենք կարող, կարող ենք միայն այս հարցի առթիվ ևս մեկ անգամ մտածելու առիթ տալ դեսպանատանը, ՀՀ հյուպատոսությանն ու նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր գրկաբաց ընդունում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում որպես հայ ներկայացող այս վայ-հայտնիներին: