Կրակահերթ Capital Gazette-ի խմբագրությունում. 5 մարդ է զոհվել, 22 հոգի վիրավորում ստացել

9:04- Ամերիկյան Մերիլենդում գտնվող Capital Gazette թերթի խմբագրության վրա զինված հարձակում է եղել: NBC News-ի փոխանցմամբ, Ջերորդ Ուորեն Ռամոս անունով մարդը  կրակահերթ է բացվել լրագրողների ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է 5 հոգի, վիրավորվել է 22 հոգի:

Կասկածյալը վնասազերծվել է տեղում, փոխանցվում է, որ նա 2012 թվականին դատական հայց է ներկայացրել խմբագրության դեմ՝ իրեն զրպարտելու համար, սակայն հայցը չի բավարարվել:

Ոստիկանությունը 38-ամյա Ռամոսի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերել է 2011 թվականին տպագրված հոդված՝ Capital Gazette-ում՝ դատական մի գործընթացի մասին, որի արդյունքում Ռամոսը 3 ամիս պայմանական ազատազրկման էր դատապարտվել: Խոսքը իր համադասարանցին եղած կնոջ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու, հետապնդելու հետեւանքով սկսված դատական գործի մասին է, Ռամոսն ընդունել է մեղքն ու դատապարտվել:

Ռամոսի թվիթերյան էջում տասնյակ սպառնալիքներով լի գրառումներ կային՝ ուղղված Capital Gazette-ի լրագրողներին, թերթի խմբագիրը Los Angeles Times-ին հայտնել է, որ իր աշխատակիցները հետապնդվել են տարիներ շարունակ ու վախեցել Ռամոսից:

38-ամյա տղամարդու սոցցանցի էջերում հիշատակվել է նաեւ Charlie Ebdo պարբերականի վրա զինված հարձակման մասին հոդվածը, որի ժամանակ 12 մարդ էր զոհվել:

Ի դեպ, կրակահերթի հեղինակը դիտմամբ  վնասել է բոլոր 10 մատների ծայրերը՝ մատնահետք վերցնելը կանխելու նպատակով: Նշվում է, որ նպատակային նշանառվել են հենց լրագրողները:

9:18-Capital Gazette թերթի խմբագրության վրա կատարված հարձակման ու կրակահերթի արդյունքում զոհերի թիվը հասավ 6-ի, բոլորը հիմնականում խմբագրության աշխատակիցներ են: Նշվում է, որ զոհերի թիվը կարող է կրկին աճել, վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է: Տարածքում հայտնաբերվել է նաեւ պայթուցիկ:

10:10- ԱՄՆ-ի ոստիկանությունը պաշտոնապես հերքել է ահաբեկչության վարկածը: Կատարվածը նպատակաուղղված է եղել հենց խմբագրությունում աշխատող լրագրողների դեմ: Ջերորդ Ուորեն Ռամոսը ձեռքի ավտոմատով սկզբում կրակել է ապակյա դռներին, ինչի շնորհիվ կարողացել է ներխուժել ու հաշված վայրկյանների ընթացքում շրջանաձեւ կրակահերթ բացել:

Կատարվածի մասին տեղեկացված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջինս պատահարը դատապարտող գրառում է կատարել թվիթերյան իր էջում: հանձնարարվել է խստացնել Մերիլենդի բոլոր խմբագրությունների հսկողությունը: