Հայաստանը բոլոր հայերի Հայրենիքն է…

2018 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հովանու ներքո Իրանահայ միությունը Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում կազմակերպել էր Հայաստանի զինված ուժերի կազմավորման 26 ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում:

Միջոցառման ընթացքում իրենց շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ Նախագահի խորհրդական Գագիկ Գևորգյանը, ով իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ հայկական բանակը ոչ միայն Հայաստանի պետության այլև յուրաքանչյուր հայի բանակն է և անվտանգության երաշխիքը:

Իր խոսքում ՊՆ նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը պատմական էքսկուրս կատարեց դեպի հայկական բանակի ակունքները, երբ հայ զինվորը կռվում էր որսորդական հրացանով ապա դրան զուգահեռ ներկայացրեց այն ահռելի առաջնթացը, որ գրանցել է մեր բանակը անցած 26 տարիների ընթացքում:

Ելույթներով հանդես եկան Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության խորհրդական Ռազմիկ Ստեփանյանը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Արա Նաջարյանը, Զարեհ Սինանյանը, Վրեժ Աղաջանյանը և Գլենդելի քաղաքապետ Վարդան Կարապետյանը: Ներկաներին իր սրտի խոսքը հայտնեց նաև Դոկտոր Հակոբ Այնթաբյանը:

Ներկա էին նաև Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները, ովքեր ներկաների հետ միասնաբար աղոթք բարձրացրին առ Աստված հայոց սահմանին կանգնած զինվորի և սպայի համար:

Հուզմունքն ու ոգևորությունը իր գագաթնակետին հասավ, երբ իրենց սրտի խոսքը ասացին ներկաներին ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակից հերոս հայորդիները՝ Մարատ Պետրոսյանը և Նարեկ Մալխասյանը, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար ժամանել էին Հայաստանից:

Գեղարվեստական հայտագրում հանդես եկան ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկը, Անդրեն, Անդին և Գագիկ Բադալյանը ով ի դեպ ներկայացրեց իր նոր երգի տեսահոլովակը և այն նվիրեց հայկական բանակի տոնին:

Չշրջանցվեց նաև այն հանգամանքը, որ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է և հույսով ու հավատով սպասում է իր զավակների վերադարձին:

LosArmNews.com