Ուզում եմ այս տարի որդուս մկրտել Հայաստանում. Դելո

Զրուցակիցը  սիրված դերասան Վահագն Ստեփանյանը` Դելոն է, ով արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում է ԱՄՆ-ում:

Մեզ հետ զրույցում Դելոն ամփոփել է անցած 2017-ը, խոսել ԱՄՆ-ում Ամանորը անցակացնելու եւ 2018-ի ծրագրերի մասին:

«Անկախ ամեն ինչից` ես փորձում եմ ամեն օրն ուրախ անցկացնել, իսկ տոներին առավել եւս ամեն ինչ անում եմ իմ ու ընտանիքիս բարձր տրամադրության  համար: Դե իսկ երեխայիս ներկայությունը այս հարցում ամենակարեւորն է. որդուս հետ ամեն պահն է ջերմ անցնում: Ի դեպ`Ամանորին ես Սանտա Կլաուսի, իսկ տղաս էլֆի հագուստներ էինք հագել, արդյունքում ունեցանք հաճելի ընտանեկան տոներ»,- ամանորյա օրերի մասին խոսելիս` նշեց դերասանը:

Հարցին, թե կարոտե՞լ է հայաստանյան Ամանորը, ժպիտով պատասխանեց.

«Կարծում եմ` այնպես, ինչպես Հայաստանում է նշվում Նոր տարին, ուրիշ ոչ մի երկրում չի նշվում: Իսկապես շատ եմ կարոտել այդ ամենը, կարոտել եմ անվերջ հյուր գնալուն ու այն սպասմանը, որ քո տուն էլ պետք է հյուրեր գան, անգամ երեւանյան ցրտին եմ կարոտել, երբ թվում էր թե ականջներդ հիմա կկտրվեն, կարոտել եմ ավանդական բուդը, տոլման, բլինչիկը: Հույս ունեմ, որ մյուս տարի Ամանորը ընտանիքիս հետ միասին կնշեմ Հայաստանում»:

Աղբյուրը՝ life.panorama.am