Mellardi հենց ինքը՝ Մարիա Գրիգորյանը, մեր հմայիչ հայուհին:

Մարիա Գրիգորյանը ծնվել եւ մեծացել է Հայաստանում: Արվեստի հանդեպ սերը ժառանգել է ծնողներից, բայց նրա մտահորիզոնը շատ ավելի լայն էր: Նա իր երազուն մտքերը կամ թղթին էր հանձնում կամ կտորին, որից ծնվում էր գեղեցիկ մի նկար կամ գեղեցիկ մի շոր: Տասնինը տարեկանում տեղափոխվեց Միացյալ  Նահանգներ: Առաջին քայլերը սկսեց քոլեջից: Երկու տարի անց ընդունվեց UCLA  համալսարանը՝ Անգլերենի բաժինը: Այնուհետեւ ուզում էր քրոջ եւ եղբոր ճանապարհով գնալ՝ ընդունվէլ իրավաբանական, սակայն  մի պահ կանգ առավ: Այդ Ճամփան իր համար օտար էր, նրա արտիստիկ հոգու ճախրանքն այլ էր: Այդ  գիշեր նա արթուն մնաց մինչ լուսաբաց ու իր երազուն  հայացքը հառեց աստղերի  փայլին ու երկնքի կապույտին: Կարծես ինքն էլ  ձուլվեց երկնքի մովի մեջ ու տեսավ արվեստի ու երկնքի անհունությունն ու անսահմանությունը, այն հրաշքը, որ  աստվածային է: Այդ ամենը կախարդեց Մարիային: Նա այդ անքուն գիշերին կարեց իր կապույտ զգեստը:
Լուսապայծառ առավոտ էր, երբ քայլերը նրան տարան Woodbury համալսարան: Նա ուզում էր ստանալ ակադեմիական  կրթություն ՝ կայանալ որպես fashion դիզայներ: Կապույտ շորն ու բարձր գնահատականները նրան ճանապարհ հարթեցին դեպի համալսարան: Ահա եւ համալսարանական տարիները:  Նա ազատություն էր տալիս իր մտքի թռիչքին: Մ. Գրիգորյանը ասելիք ունի, ասելիք նորաձեւության աշխարհում: Նրա ամեն  մի շորը  մի ստեղծագործություն է: Նա  մյուսների նման  չափ ու ձեւ չի անում, ինքը ձերբազատված է այդ շղթաներից:  Նրա մեջ արվեստն է խոսում: Նա շորը պատկերացնում է  մտովի ու կտորի վրա նրա կախարդական մատների հպումից եւ մտքի թռիչքից ծնվում են գեղեցիկ զգեստներ: Առանց վարանելու նա գնաց իր երազանքի ետեւից ու աճեց եւ կայացավ  որպես fashion դիզայներ: Իսկ հիմա նա ուզում է իր դարին թողնել իր մնայուն  ձեռագիրը՝  Mellardi հենց ինքը՝ Մարիա Գրիգորյանը, մեր հմայիչ հայուհին: