Հունվարի 29-ին, Support Armenia կազմակերպության կողմից տեղի ունեցավ հեռուստամարաթոն, «Քեզ հետ եմ հայ զինվոր» խորագրով, որն էլ ֆեսբուքյան տիրույթում քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց: Այդ պատճառով որոշեցինք զրուցել Support Armenia համահիմնադիրներից Հովիկ Զիրաքյանի հետ:
-Քառօրյա պատերազմից հետո սա թվով 2-րդ հեռուստամարաթոնն էր, որ իրականցրեցիք: Որքա՞ն գումար հանգանակվեց այս անգամ:
Շուրջ 115,000-ի խոստում եղավ, սակայն պետք է հաշվի առնել, որ երբևէ վերջնական հավաքված գումարը չի համապատասխանում խոստացած գումարին:
-Հունվարի 29-ի հեռուստամարթոնից առաջ և հետո ՖԲ տիրույթում բարեգործական ծրագրեր իրականացնող մի քանի անհատների կողմից բուռն քննադատությունների արժանացավ ձեր նախագիծը՝ մասնավորապես նախորդ դրամահավաքի ծախսերի վերաբերյալ: Ի՞նչ կասեք այդ մասին:
Ինչպես ինքներդ նշեցիք քննադատութունները բարեգործական ծրագրեր իրականացնող մի քանի անհատների կողմից էին: Որքան էլ անտրամաբանական և ցավալի է, բայց նույնիսկ բարեգործությունը ոմանց համար մրցակցության է վերածվել: Քննադատողներից նրանք ովքեր երբևէ կազմակերպել են հեռուստամարաթոն, քաջ տեղյակ են կազմակերպչական ծախսերից: Հարցի մյուս կողմն է, որ ելնելով իրենց նեղ սուբյեկտիվ շահերից իրենք դա փորձում են դարձնել քննադատության առարկա: Հիմնական ծախսը հեռուստաժամերի արժեքն է: Եթե հավաքվեր 10 անգամ ավելի, ծախսը կմնար նույնը` հետևաբար կկազմեր շատ չնչին տակոս: Քննադատողները մեզ անձամբ ճանաչում են, եթե անհանգստացած էին, կարող էին մեզ հանդիպել և տեղում հարցերը բաձրացնել, ոչ թե ընտել Ֆեյսբուքի միջոցով «լավամարդ» դառնալու տարբերակը:
-Համայնքում ապրիլյան քառօրյա պատերազմից հետո շատ ինքնուս բարերարներ հայտնվեցին, իրենց կեցությունը բարելավեցին հենց այդ խոշոր գումարներով, և չարժանացան նման բուռն քննադատությունների: Ինչո՞ւ թիրախավորվեց Support Armenia կազմակերպությունը: Կարծու՞մ եք այդ «հարձակումը» միտումնավոր էր: Կան բաներ, որ հանրությունը տեղյակ չի: Գուցե բացե՞ք փակագծերը:
Ինչպես արդեն նշեցի, բարեգործությունը վերածվել է մրցակցության, իսկ ապրիլյան պատերազմը շատերի համար դարձավ ինքնահատատվելու և ազգային հասարակական գործերում կենսագրություն ստեղծելու հնարավորություն: Այդ «ինքնուս» բարերարները չարժանացան քննադատության, որովհետև հեռուստատեսությամբ չէին կատարել իրենց «բարեգործական» աշխատանքը և հասարակության լայն շրջանակներում անհայտ ու անծանոթ մարդիկ էին:
-Ինչպե՞ս եք երկրորդ հեռուստամարաթոնի գումարը տեղ հասցնելու հասցեատերերին և ինչպես եք այն բաշխելու:
Առանց միջնորդի փոխանցելու ենք այդ ընտանիքներին:
Շնորհակալություն:
Զրույցը վարեց՝ Հերմինե Կոջոյան