Վերջերս, սույն խնդրի հետ կապված մամուլում հրապարակված «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ ՝ Մարգարիտա Խաչատրյանի հարցազրույցի պարզաբանման հետքերով, http://www.usarmenianews.com/am-n-1312.html հարցազրույց ունեցա Հունվարի 28 – ին Լոս Անջելեսում կայացած Հայոց Բանակին նվիրված Բարեգործական համերգի կազմակերպիչ՝ «Grand Party» կազմակերպության նախագահ ՝ Արտակ Մարտիրոսյանի հետ… – See more at: http://usarmenianews.com/am-n-1354.html#sthash.yGKJiYkB.Vp7KyOub.dpuf
– Հարգելի Արտակ, Հայոց Բանակին նվիրված համերգից անցել է 20 օր և մինչև հիմա Բարեգործական համերգի հասույթը չի փոխանցվել: Ինչու՞:
Ցավոք սրտի հասույթ չկա, դրա փոխարեն մեր կազմակերպությունը այս համերգի մասով կուտակել է պարտքեր:
Ձեր տված հարցը՝ ասեմ, որ շատերին է հետաքրքրում, չնայած նրան, որ մենք հայտարարել էին այն մասին, որ մի քանի օրվա մեջ կլինի ամբողջական հաշվետվություն, բայց մարդիկ բավական անհամբեր են, այն աստիճանի, որ սկսել են զանգել և անհանգստացնել «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահին:
Որպես «Grand Party» կազմակերպության տնօրեն, Արտակ Մարտիրոսյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ համերգից որևէ հասույթ չկա և հետևաբար, ոչ մի լումա չի փոխանցվել համակարգող խորհրդին: Պարտքերի մասով չեմ բողոքում ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կամովին ենք մտել ծանրության տակ և անտեսել ենք բոլոր այն խորհուրդները «…թե մի արեք այդպիսի միջոցառումներ, անշնորհակալ գործ է»:
– Հարցազրույցում տկն. Խաչատրյանը հստակ նշել է, որ «Grand Party» կազմակերպությունը գրությամբ ՀՀ ՊՆ նախարարից խնդրել է, որ «Զինվոր» համակարգող խորհուրդն իրենց տրամադրի ‹‹Զինվոր հայրենյանց ›› մեդալներ և պատվոգրեր:
Ու՞մ հետ եք որոշում կայացրել մեդալներ և պատվոգրեր բաժանելու ընթացակարգը, քանի որ տկն. Խաչատրյանը նշել է, որ ստացողների անունները տեղեկացել է ֆեսբուքյան ձեր էջից:
Մեդալներ և պատվոգրեր տրվել են անցած տարվա և այս տարվա մասնակիցներին, աջակիցներին: Ցանկը որոշվել է ըստ դրա, այսինքն՝ ովքեր մասնակցել են , նրանք էլ ստացել են, իսկ Մարգարիտա Խաչատրյանը այդ մասին իմացել է բանավոր կերպով: Ինքներդ մտածեք, ինչպե՞ս կարող էր Հայաստանից այդ քանակի մեդալ ուղարկվեր Միացյալ Նահանգներ՝ առանց ճշտելու թե ովքեր են դրանց հասցեատերերը:
– Տիկին Խաչատրյանը հարցազրույցում նշել է, որ 25 մեդալից բացի նրանից խնդրել եք ավելի շատ մեդալներ: Սա ինչպե՞ս կբացատրեք:
Հենց երեկ , այդ թեմայով զրուցեցի տիկին Մարգարիտայի հետ, ով հայտնեց թե համերգից հետո իրեն են զանգում տարբեր մարդիկ և մեդալ են խնդրում, ինչ որ արժանավորների համար, որոնք անտեսվել են: Ասվում է նաև, որ այստեղ ՝ Լոս Անջելեսում, բնակվող Արցախյան պատերզամի մասնակիցներ կան և պետք է նրանց մեդալներ տրվեն ու չի տրվել: Այս միջոցառման շրջանակում մեդալներ ստացել են միմիայն համերգի մասնակիցները, այնպես որ մեղադրել թե այս մեկը ստացավ ՝ մեկը ոչ, չենք կարող: Հենց այդ մասով էլ տիկին Մարգարիտան բացատրեց մեդալները չամիչ չեն արտահայտությունը:
-Որպես համերգի գլխավոր կազմակերպիչ, կխնդրեի հանրությանը տեղեկացնել, ո՞վ էր համակարգում Բարեգործական համերգի ամբողջ ֆինանսական մուտքն ու ելքը: Կա՞ր այդպիսի անձ կամ անձեր:
Ֆինանսական մուտք ու ելքը համակարգվել է կազմակերպության և անձամբ իմ կողմից: Անցած հրապարակման մեջ մանրամասն ներկայացված է հովանավորների կողմից տրված գումարի չափը http://losarmnews.com/լոս-անջելես/հայոց-բանակի-24-րդ-ամյակին-նվիրված-միջոց/
-Slaq.am կայքի հարցազրույցի մեջ տեղադրված էր ձեր հայտարարությունը՝ ֆինանսական հարցերի հետ կապված, որտեղ նշված էին տարբեր ծախսեր, մասնավորապես՝ «Հորիզոն » և «ARTN Shant» հեռուստաընկերություններին վճարված ծախսերը: Ունե՞ք պայմանագիր վերաթողարկած հեռուստաընկերությունների հետ:
Ես տեղյակ չեմ ինչ է տեղադրված ձեր հիշատակած կայքում, սակայն, բոլոր ֆինանսական ելքերի մասով փաստաթղթեր բնականաբար կան: Եթե նույնիսկ հանրության պահանջը չլինի, ամերիկյան օրենքը դա հստակ պահանջում է:
– Հեռուստաընկերությունները տեղեկացվա՞ծ էին , որ համերգը Բարեգործական էր:
Իհարկե, տեղեկացված էին և հենց դրա համար էլ այդքան մեծ զեղչեր էին տրամադրել:
-Ըստ Ձեզ, համերգի ընթացքում ինչո՞ւ չհավաքվեց անհրաժեշտ այն գումարը, որը կարող էր հասնել և ծառայել իր մեծ նպատակին ( գովազդի թերացումն էր, համերգի տոմսերն էին թանկ, ելույթ ունեցող արվեստագետների ցանկը ճիշտ չէր ընտրված, թե ՝ համայնքի որոշ հատված չկարևորեց ձեր նախաձեռնությունը կամ ձեզ խանգարողներ կային և այլն…)
Սկսեմ ՝ սկզբից: Մինչև համերգի նախապատրաստական աշխատանքներ սկսելը մենք շատ լավ գիտակցում էինք դրա ֆինանսական ծանրությունը: Հենց այդ առումով էլ պայմանավորվածություն ձեռք բերեցինք մի շարք մարդկանց հետ, ովքեր խոստացան ամբողջ ֆինանսական բեռը վերցնել իրենց ուսերին: Պայմանավորվեցինք, որ եթե համերգը 100 տոկոսով արդարացնի իրեն, տրված գումարները որպես ծախս հետ կվերադարձվեն: Սակայն, դրանից հետո, ինչ-ինչ պատճառներով, այդ մարդիկ հրաժարվեցին կատարել նախապես ստանձնած պարտականությունները:
Համերգից մեկ ամիս առաջ, արդեն պարզ դարձավ, որ ծանրությունը մնում է մեր կազմակերպության ուսերին: Առաջարկ եղավ կազմակերպության անդամների կողմից համերգը չեղարկել, սակայն, որոշվեց անկախ ամեն ինչից՝ գնալ առաջ:
Խանգարողների պակաս չենք զգացել: Ամեն օր, ամեն ժամ, նրանք իրենց մասին հիշեցրել են: Սկսած պաշտոնատար անձանցից՝ վերջացրած ֆեյսբուքում բամբասել սիրող կիսագրագետ կենդանիներով :
Ամեն բան արվեց, որպեսզի համերգը չկայանա: Սկզբում լուր տարածեցին թե տիկին Մարգարիտան տեղյակ չի համերգից և որ մենք օգտագործում ենք նրա անունը, այնուհետև ՀՀ ՊՆ նախարարի ուղերձի իսկությունը դրվեց հարցականի տակ, և մի շարք այլ հիմար ենթադրություների շարան:
Մի խոսքով, չեմ ցանկանում բողոքել, բայց այս համերգի կազմակերպման ընթացքում բավական զզվելի երևույթների և անձերի հետ առնչվեցինք:
Դառնալով այն հարցին թե արդյոք արտիստները ճիշտ էին ընտրված, պետք է ասեմ ՝ ո՛չ, մենք սխալվեցինք համերգը կառուցելով բազմատաղանդ և իսկապես բարձր արվեստ ներկայացնող մարդկանց վրա։ Այդ առումով սխալս ընդունում եմ, հաջորդ անգամ բեմ կհանենք ցածրաճաշակ ու զզվելի արաբաթուրքական բայաթիներ, չէ որ պահանջարկն է ստեղծում առաջարկ։ Թորիկը հիշում եք չէ՞` համայնքը զորավոր է….
-Հանդիսավար Գևորգ Եղիազարյանը, բեմահարթակից հայտարարել է, որ հանդիսատեսի մեծամասնությունը համերգին ներկայացել է հրավիրատոմսերով և հատուկ հրավիրվածներին խնդրել մասնակցել հանգանակությանը:
Երբ, պարզ դարձավ, որ ծախսերը ամբողջությամբ մնում է կազմակերպության վրա և տոմսերի վաճառքը աղետալի վիճակում է, մենք փորձեցինք դրան տալ այլ լուծում: Նախ, որպեսզի դահլիճը դատարկ չլինի, և երկրորդ՝ փորձեցինք նաև բարեգործություն անել: Դրանով նաև պարզ դարձավ , որ տոմսերի գինը նշանակություն չունի, պարզապես հայրենասիրությունը շատերի համար մասնագիտություն և օրահացի խնդիր է , մյուսների համար՝ այն սկսվում և ավարտվում է ֆեյսբուքում: Սա՛ է խնդիրը:
Հրավիրատոմսերը տրվել են վերջին մի քանի օրվա ընթացքում և առանց հատուկ ընտրության:
-Հրավիրվածները ի՞նչ նկատառումներով են առանձնացվել տոմս գնողներից և արդյո՞ք հրավիրվածների մեջ եղել են Արցախի հերոսամարտի մասնակիցներ, վետերաններ:
Տոմս գնողները արդեն իսկ կատարել էին իրենց բարեգործությունը, իսկ հրավիրվածներին հնարավորություն տրվեց տեղում կատարելու: Դա էր տարբերությունը: Այո՛, դահլիճում հրավիրվածների մեջ կային նաև Արցախյան պատերազմի մասնակիցներ:
-Համերգից առաջ, սոցցանցերից հանրությունը տեղեկացված էր, որ Հայոց Բանակին նվիրված Բարեգործական համերգը, Հայաստանի Հ3 հեռուստաընկերության ուղիղ հեռարձակմամբ եթեր է գնալու: Ինչո՞ւ այն տեղի չունեցավ:
Միայն տեխնիկական պատճառներով:
-Լոս Անջելեսում ունենք ՀՀ գլխավոր հյուպատոսություն, այսինքն՝ պետական կառույց: Նրանք ինչո՞վ ձեզ օգնեցին և արդյո՞ք համերգին ներկա գտնվեցին:
Հյուպատոսարանում պատճառաբանեցին, որ մենք ուշ ենք դիմել իրենց, հետևաբար չեն կարող համագործակցել, ինչը հասկանալի է, մինչև վերջին օրը պայմանավորվածություն կար, որ պետք է ներկա գտնվեր ներկայացուցիչ և նույնիսկ քննարկվել է նախարարի ուղերձի ընթերցումը հանձնել հյուպատոսարանի ներկայացուցչին , սակայն վերջին պահին հայտնեցին, որ Հյուպատոսարանից ոչ ոք ներկա չի լինի համերգին:
-Հոդվածից տեղեկացա, որ ՀՀ ՊՆ նախարարը ուղերձ է հղել: Արդյո՞ք այն ընթերցվել է համերգի ժամանակ:
Այո, ուղերձ եղել է, ընթերցվել է: Ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ ՀՀ ՊՆ նախարարին:
– Արտակ, խնդրում եմ մեկնաբանել հոդվածի վերջին պարբերության հետևյալ հարց ու պատասխանը…. «Արդյոք նախորոք դուք տեղյակ եք եղել, թե անվանական ում են տրամադրվելու մեդալները: Որքանով ես եմ ծանոթացել կայքում հրապարակված ցուցակին, այնտեղ բացակայում էին այն մարդկանց անունները ովքեր մասնակցություն են ունեցել բանակաշինության, Արցախյան հերոսամարտերին»:
-Պատասխան…«Մինչև խորհրդի որոշում չի լինում, հրաման չի լինում մենք մեդալներ հատկացնելու իրավունք չունենք: Նրանք ինձ ասել են, որ մեդալներն ու պատվոգրերը չեն հերիքել: Մեդալներն և պատվոգրերը չամիչ չեն, որ իրենց ասածով բաժանեմ: Մինչև ես չտեսնեմ արդյունքը , երկրորդ անգամ ոչինչ չեմ ուղարկելու, որովհետև մեկ անգամ արդեն հատկացրել եմ ու դեռ արդյունքը չեմ տեսել»:
Ճիշտն ասած , այն ՝ ինչ նշված է հոդվածում և այն ինչ տկն. Մարգարիտան անձամբ ինձ ասաց, բավական տարբեր են: Այնպես որ, թույլ տվեք չմեկնաբանել, վերևում արդեն պատասխանեցի թե ինչ ընթացակարգով են մեդալներ տրվել:
Մի հարց էլ ես եմ ուզում տալ, օրինակ՝ այն արտիստները, ովքեր անվճար իրենց մասնակցությունը ցուցաբերեցին այս համերգին ինչո՞ւ նրանց չեն կարող համարել բանակաշինության մասնակիցներ և պարգևատրել: Մարդիկ , ովքեր մինչև վերջ մնացին անկոտրում ՝ առանց հաշվի առնելու, տոմսերը վաճառվում են թե ոչ , դահլիճը լեփ-լեցուն է լինելու, թե ոչ և այլն… քաղաքի նույնիսկ կեսը իրենց պահեր համերգի մասնակիցների նման, հավատացեք այս համերգը տեղի կունենար ոչ թե մեկ, այլ մինիմում երկու անգամ և այսօր հայրենիքից կլսեիք միմիայն շնորհակալական խոսքեր:
Վերջում, եթե թույլ կտաք, ցանկանում եմ կոչ անել մարդկանց չկեղտոտել, չմրոտել այն ահռելի աշխատանքը, որն արվեց: Դուք գործ ունեք երիտասարդական մի խմբի հետ, որոնք օր ու գիշեր անշահախնդիր աշխատանք են տարել, դուք գործ ունեք մի գաղափարի հետ, որը մրոտելը սրիկայություն է:
Ավելացնեմ նաև, որ բոլոր նրանք, ովքեր սրտացավորեն կհետաքրքրվեն այս ամենի մասին, մենք պատրաստ ենք բացել բոլոր փակագծերը, սակայն եթե անհատներ կամ կազմակերպություններ կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, դրան կտրվի չափից ավելի խիստ պատասխան, թե այստեղ մեր կողմից, թե Հայաստանում բնակվող մեր գաղափարակից ընկերների կողմից:
Փաստը սա է՝ ոչ մի լումա չհավաքվեց, պարտքեր կուտակվեցին մեզ վրա, ստիպված եղանք կեղտոտ խոսակցությունների մեջ ընկնել, սակայն չենք հուսահատվում և ամեն վայրկյան գիտակցում ենք Հայաստանի զավակը լինելու հանգամանքը:
Հ.Գ. Որպես վերջաբան այս հարցազրույցի՝ ասեմ: Հարգելի պատճառով համերգին ներկա չեմ գտնվել, բայց անձամբ ներողություն եմ խնդրում մեր բոլոր զինվորներից, մեր այն քաջարի տղաներից, ովքեր այս պահին, սահմանին կանգնած՝ պաշտպանում են մեր հայրենիքը թշնամուց:
Ի սկբանե, ես շատ էի ոգևորվել համերգի գաղափարով, գաղափար, որ ծառայելու էր իր մեծ նպատակին: Հիմա մեծ ցավ ու հիասթափություն եմ ապրում, երբ ապրելով այս հզոր ու հարուստ համայնքում, զգացի գործարարներից, արվեսագետներից, բժիշկներից, իրավաբաններից սնվող ու օրեցօր ֆինանսապես աճող հեռուստաընկերությունների՝ այս գաղափարի համար գումար որսացող տնօրենների կեծվացքը: Նրանք հաճախ եթերներով ամպագորգոռ խոսում են, որ անվճար ամեն ինչ անում են ժողովրդի ու Հայրենիքի համար: Այս պահին , մենք բոլորս, ականատես ենք լինում նրանց խոսքի ճիշտ հակառակ պատկերին:
Նշեմ, որ «Հորիզոն»հայկական հեռուստաընկերությունը Հայ Հեղափոխական Դաշնակցությանն է պատկանում: Լոս Անջելեսում այն մի հեռուստաընկերություն է, որի հեռարձակման շառավիղը այնքան էլ մեծ չէ: Բանից պարզվում է, այս հեռուստաընկերությունը շատ «խղճով» է և ըստ համերգի կազմակերպչի հայտարարության 35 հազար դոլար արժողությամբ հեռուստատեսային գովազդի և նկարահանման փաթեթը 13 հազարի է դարձրել: Այսինքն ՝ ՀՅԴ կուսակցությանը պատկանող հեռուստաընկերությունը , որտեղից միշտ քարոզվում է իրենց մեծ «ՍԵՐԸ» , «Նվիրվածությունը» Հայրենիքի նկատմամբ , կատակլիզմ է, իսկ «ARTN SHANT» մյուս հեռուստաընկերությունը, 17 հազարի փոխարեն վերցրել էր 5 հազար ու դարձել համերգի գլխավոր հովանավոր: Այդ ինչպե՞ս: Գումար վերցնեն ու իրենց համարեն գլխավոր հովանավո՞ր: Սա իսկապե՛ս մառազմ է: Այսքանից հետո համոզվում ենք, որ այս հեռուստաընկերությունները դոլարը ավելի արժևորեցին, քան ՝ Հայոց Բանակին նվիրված Բարեգործական համերգի նպատակը:
Եկեք գումարենք ու հանենք այս երկու հեռուստաընկերություններին վճարված գումարները: Արդյունքում կստանանք այն, որ եթե ազգային նպատակի համար այդ խոշոր գումարը չվերցնեին հեռուստաընկերությունները, այդ ամբողջ գումարը կհատկացվեր Հայոց Բանակին:
Գայանե Մանուկյան
ԱՄՆ
www.usarmenianews.com