Ահագնացող El Nino-ն օրեցօր շարունակում է թափ հավաքել: Այս մասին փաստում են այսօր առավտյան արված եղանակային կանխատեսումները:
Տարբեր աղբյուրներից հավաստում են, որ El Nino-ն այս տարի պատմության մեջ եղած ամենաուժգինն է լինելու: Այդ մասին է վկայում նաև այն, թե ինչքան հորդառատ անձրևներ բերեց նա հենց սկզբից:
Հորդառատ անձրևները վերջին երեք օրերին մեծ վնասներ են հասցնում Օրեգոն նահանգում, ըստ տեղական լրատվամիջոցների` երեկ 3 մարդ է զոհվել` հայտնվելով հեղեղների մեջ տարբեր իրավիճակներում:
El Nino-ն անձրևներ կբերի նաև Կալիֆորնիայի, Արիզոնայի և Նևադայի նահանգներում:
Այդ փոթորիկն այս շաբաթվա վերջին կհասնի նաև Հյուսիսային Կալիֆորնիա: Այս շաբաթ սպասվում են անձրևներ Կալիֆորնիայի հյուսիսային մասում, իսկ հաջորդ շաբաթ անձրևներ կտեղան նաև հարավային մասում:
Հարավային Կալիֆորնիայում այս տարվա ամենահորդառատ անձրևները կսկսվեն մինչև դեկտեմբերի վերջը, իսկ El Nino-ն իր ուժգնությամբ ասյտեղ կլինի հունվար, փետրվար և մարտ ամիսներին:
Չնայած ըստ կանխատեսումների դեռ ժամանակ կա, մինչև El Nino-ն իր ամբողջ ուժգնությամբ հասնի Կալիֆորնիա, այնուամենայնիվ երեկ տեղի ունեցած Կալիֆորնիայի նահանգապետի գրասենյակի Արտակարգ Իրավիճակների Ծառայության համաժողովի ժամանակ առանձնակի կարևորությամբ է խոսվել այն մասին, որ դա միայն պետության և կառավարական մարմինների խնդիրը չի կարող լինել, հանրությանն անհրաժեշտ է նախապատրաստվել հնարավոր վնասներից խուսափելու համար:
“Կալիֆորնիայի բնակիչները պետք է լրջորեն վերաբերվեն այս խնդրին և պատրաստ ունենան առաջին անհրաժեշտության պարագաներ”,-իր ելույթում նշել է Արտակարգ իրավիճակների կառավարման վարչության հարավարևմտյան շրջանի ներկայացուցիչ Բոբ Ֆենթոնը:
Ուժեղ քամիները և հորդառատ անձրևները վնասներ կբերեն օվկիանոսի ափին մոտ գտնվող թե տներին, թե բիզնեսներին: Հնարավոր է, որ որոշ կամուրջներ փլվեն փոթորկից:
Հնարավոր են հեղեղներ, որոնք էական վնաս կհասցնեն ինչպես բնակչությանը, այնպես էլ արդյունաբերությանը: Վտանգ կա, որ հորդառատ անձրևները ոչ թե կվերածվեն գետերի, այլ կքշեն ամբողջ աղբը և կփակեն ջրատարները` այսպիսով ստեղծելով խցանումներ և ջրի անանցանելիություն, ինչն իր հերթին կձևավորի մեկ այլ խնդրահարույց իրավիճակ:
Թե պետական կառույցները, թե անհատները պետք է նախապատրաստվեն այս աղետին դիմակայելու: Պետական կառույցներն աշխատանք են տանում անօթևանների համար ժամանակավոր կացարաններ ստեղծելու, կամ նրանց արդեն առկա կացարաններում տեղավորելու ուղղությամբ: Բնակչությանը խորհուրդ է տրվում ձեռք բերել համապատասխան ապահովագրություններ` գույքի վնասման դեպքում փոխհատուցումներ ստանալու նպատակով:
Ստեղծված իրավիճակում դժվար է գնահատական տալ` վերջին 4 տարիներին ձգվող երաշտի պայմաններում այս հորդառատ անձրևները կարող են փրկություն լինել, թե իրենց հետ նոր վնասներ բերելով նոր խնդիրներ կստեղծեն Կալիֆորնիայի թե բնակչության, թե կառավարության համար:
Այնուամենայնիվ, հիմա անհրաժեշտ է պատրաստ լինել փոթորկին և հորդառատ անձրևներին “դիմավորելուն”:
Հանրությունը կարող է տեղեկանալ կոնկրետ համայնքներում սպասվելիք հեղեղների մոտավոր ժամկետների մասին floodsmart.gov կայքից, իսկ El Niño –ին դիմակայելու համար տեղեկատվություն կարող է գտնել ready.gov կայքում: