“Պի´նդ կաց, հա´յ զինվոր, մենք քո կողքին ենք”.

Լոս Անջելեսի հայ արվեստագետների կոչը Հայոց Բանակի տոնին ընդառաջ

Grand Party կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր խոստմանը, պահպանելով արդեն ձևավորված բարի ավանդույթը , 2016 թ. հունվարի 28-ին Գլենդելի Ալեքս թատրոնում ներկայացնում է “Ես քո զավակն եմ Հայաստան” խորագիրը կրող լայնամասշտաբ միջոցառումը` նվիրված Հայոց Բանակի 24-րդ տարելիցին:

Այս աննախադեպ միջոցառումն արդեն երկրորդ տարին նոր խանդավառություն է մտցնում Լոս Անջելեսի հայ համայնքի կյանքում:

Անշուշտ մշակութային միջոցառումներն այստեղ էլ բազմաթիվ ու բազմազան են, սակայն այլ բան է, երբ միաձուլվում են արվեստն ու պետականությունը և զարկ տալիս սփյուռքում  հայկական ոգու արթնությանը, հայրենիքի հանդեպ պարտքի և միևնույն ժամանակ հպարտության զգացումներին:

Զարմանալի չէ, որ այս տարի նախաձեռնությանը միացել են Լոս Անջելեսում բնակվող 2 տասնյակից ավելի լուրջ ու վաստակաշատ արվեստագետներ` ավագ ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Նրանք համախմբվել են ազգասեր գաղափարի շուրջ` ամեն մեկն իր ներդրումը բերելով Հայոց Բանակի օրն իսկական տոն դարձնելու հարցում:

Հայաստանի ներկա անցուդարձում ամենատարբեր որակումներ ունեցող իրադարձություններով հանդերձ, ուզում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել` հպարտ ենք, որ դեռևս 3 տասնամյակ չբոլորած անկախության պայմաններում մենք ունենք 24 տարեկան կայուն ու մարտունակ բանակ, ով հենց այս օրերին էլ քաջությամբ հետ է մղում թշնամու հարձակումները:

Այս հրաշալի տոնը լավագույն առիթն է ևս մեկ անգամ մեր հայրենիքին սեր խոստովանելու, և պարզապես ասելու` Ես քո զավակն եմ Հայաստան:

Սիրելի հայորդիներ, կհանդիպենք 2016. Հունվարի 28-ին` Լոս Անջելեսից Հայաստան հասցնելու մեր ձայնը` սահմանին կանգնած հայ զինվորին շնորհավորելով և գոնե բարոյապես ոգևորելով` “Պի´նդ կաց, եղբա´յր, մենք մեր աղոթքներով քո կողքին ենք”:

Ա.Ս.