Հայ պարի հերթական հաղթանակը

Ասում են` իրական արվեստի մարդիկ արարում ու գործում են առանց գնահատանք ակնկալելու: Բայց և այնպես, մարդ էակն իր հոգու խորքում միշտ ուզում է տեսնի իր ստեղծածի արդյունքը, վայելի պտուղներն ու ինչու ոչ, գնահատվի: Ի վերջո այդ գնահատումը նոր բան արարելու ոգևորվածություն ու շարժառիթ է դառնում:

Նրա մասին դժվար է ասել, թե իր գործունեության տարիներին իր շարժառիթը միայն գնահատանքի արժանանալն է եղել:

1989թ. 18 ամյա պատանուն մեծ համարձակություն ու ինքնավստահություն էր պետք պարախումբ ստեղծելու համար, կամ միգուցե` պարզ հավատք, որ լավ գործը կգտնի աջակիցներ:

Նրան տարիների դժվարությունների միջով օգնել է անցնել հավատքը սեփական ուժի ու արածի նկատմամբ: Հայ  երիտասարդի մշակութային դաստիարակության, հայ պարի ոգեղեն կերտման և արթմնի պահելու, սփյուռքում այն ներկայացնելու ազնիվ մղումներն են եղել Վարդան Աղաջանյանի հաջողության գրավականները:

Բազմաթիվ համերգներ, պարային ներկայացումներ, մրցույթներ ու դափնիներ` գործունեության տարիներին:

Պատահական չէ նաև հերթական հաղթանակը. 2015թ. Գլենդելի Լավագույների շարքում է նաև Վարդան Աղաջանյանը: Քվեարկության արդյունքում նա ճանաչվել է 2015 թ. Գլենդելի Լավագույն  Պարուսույց:

Սա արված աշխատանքի հանրային գնահատումն է, իսկ սերունդները դեռ երկար են առիթ ունենալու “հանդիպելու” և “վերապրելու” հայկական ժողովրդական պարը` ի շնորհիվ այս նվիրյալի:

Losarmnews.com կայքը շնորհավորում է 2015թ. Գլենդելի Լավագույն Պարուսույցին և մաղթում անկոտրուն կամք ու հայ պարին բնորոշ պարզ, բարի, բայց և միևնույն ժամանակ խրոխտ  քայլեր հայ պարը, ասել է, թե հայ ոգին բարձր պահելու գործում:

Ա.Ս.