Ես կնախընտրեի, որ հայերով գտնենք այն 5 առավելությունները, որոնց համար չարժե լքել Հայաստանը

Իմ հյուրն է  Լոս Անջելեսում  Grand-Party  ընկերության հիմնադիր նախագահ  Արտակ Մարտիրոսյանը

 

Արտակ, ես գիտեմ, որ Դուք Լոս Անջելեսում զբաղվում եք հայ մշակույթի պահպանման և տարածման աշխատանքներով: Կարծում եմ, որ Լոս Անջելեսում դրանով զբաղվելը արդեն քաղաքականություն է: Դա այդպե՞ս է: Եվ ինչու՞ եք որոշել զբաղվել հենց այդ գործով:

– Հայտնի խոսք կա` եթե քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն ինքն է զբաղվում քեզանով: Իսկ ավելի լուրջ` Հայ մշակույթի պահպանումն ու տարածումը յուրաքնաչյուր հայի սուրբ գործը պիտի լինի, անկախ նրանից Լոս Անջելեսում է նա, թե Հայաստանում, ամեն մեկն իր չափով: Ես այս չափով եմ կարողանում:

Դուք նաև պրոդյուսեր եք: Կա կարծիք, որ ԱՄՆում պրոդյուսերությամբ զբաղվողները՝ միլիոնատերեր ենասեք, որ դա այդպես է))))

-Ընդհանրապես ԱՄՆ-ից դուրս շատ հարցերի շուրջ ձևավորված է սխալ պատկերացում: Եթե ուզում եք լսել ՛՛այո՛՛ պատասխանը, ասեմ` այո: Այո, ես հարուստ եմ նոր գաղափարներով, նախաձեռնություններով և իհարկե ընկերներով, մարդկանցով, ովքեր հավատում են իմ գաղափարներին:

Որքա՞ն ժամանակ է, որ ապրում եք ԱՄՆում և ինչը Ձեզ տարավ այնտեղ: Ի դեպ, ինչը կարող է նորից ետ բերել Հայրենիք:

-Մոտ 5 տարի է, որ ԱՄՆ-ում եմ:Այստեղ հայտնվեցի հանգամանքների բերումով, իսկ թե ինչը կարող է նորից ետ բերել հայրենիք, միգուցե ժամանակն իր հետ կբերի նաև այս հարցի պատասխանը: Բայց հայրենիքը միայն ֆիզիկական տարածքը չէ, ինձ համար այն ավելին է, այն իմ սրտում է ու հիմա իմ գործունեությամբ փորձում եմ լրացնել այդ բացը, որպեսզի  ոչ միայն ես մնամ իմ սրտի հայրենիքում, այլև ինչ որ չափով նպաստեմ այստեղի հայ համայնքին սրտերում վառ պահել հայրենիքը:

 –Փաստորեն զբաղվելով հայ մշակույթի պահպանմամբ դա նույնն է, որ զբաղվում եք նաև քաղաքականությամբ:   

-Իսկ ավելի ճիշտ՝ զբաղվում եմ մշակութային քաղաքականությամբ, որն ինձ ավելի հոգեհարազատ է, քան քաղաքական մշակույթը: Չեմ ուզի բարձրագոչ բառեր ասել, բայց միգուցե այո, մի գործ, որ արվում է հայապահպանման, ազգայինի պահպանման նպատակով, դա էլ քաղաքականություն է, հայապահպանման քաղաքականություն:

 –Ինչի՞ մեջ եք տեսնում հայրենիքի  վերածնունդը:

-Ոչ թե ապրել անցյալով, մոռանալ ներկան, կործանել ապագան, այլ` չմոռանալ անցյալը, ապրել ներկայով և ստեղծել ապագան:

Ի՞նչ պլաններ ու նախագծեր ունեք, որքանո՞վ են դրանք կապված Հայաստանի հետ:

-Առաջիկայում պլանավորում ենք Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի համատեղ համերգային շրջագայությունը և գլխավոր նպատակներից մեկը Հայաստան այցելությունն է: Աշխատանքներ են տարվում հայոց բանակի 24 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման ուղղությամբ: Համերգից ստացված հասույթի կեսն ուղղվելու է բարեգործության: Ի դեպ, անցյալ տարի հունվարի 28-ին մենք հանդես եկանք “Ես քո զավակն եմ, Հայաստան” նախադեպը չունեցող միջոցառմամբ, որը կրկին նվիրված էր բանակի տոնին: Այս տարի միջոցառումը ևս կրել է “Ես քո զավակն եմ, Հայաստան” խորագիրը:

 –Ինչու՞, ըստ Ձեզ է ԱՄՆը այդպես ՛՛քաշում՛՛ հայերին, որո՞նք են այն 5 առավելությունները, որոնք չկան մեր երկրում:

– Երևի բազմաշերտ ու բազմատեսակ հանրությունը, օրենքների գերակայությունը, գործունեություն ծավալելու հնարավորությունները: Ես կնախընտրեի, որ հայերով գտնենք այն 5 առավելությունները, որոնց համար չարժե լքել Հայաստանը, վստահ եմ, որ դրանք շատ ավելի շատ են, բայց նույնիսկ ընդամենը 5-ը գտնելն ու խոստովանելը մեծ գործ կլինի այդ ուղղությամբ:

Արփի ՎԱՆՅԱՆ

Աղբյուրը BlogBox.am