Օրեր առաջ Գլենդելի “Ալեքս” թատրոնում ցնծում էր ազգային երգն ու երաժշտությունը, ասել է թե` հայ ազգային ոգին:
Բեմի շունչը մեկ տանում էր Հայաստան, մեկ հայաստանյան ծաղկուն գարունը բերում, մեկ Կարաբալայի ծաղիկներով լցնում դահլիճը, մեկ շողով-շաղով Երևանի սիրուն աղջիկներին հիշեցնում….ու ի վերջո հոգեցունց կոչ անում` “Քելե, լաո, քելե Էրթանք մըր էրգիր”:
“Grand Party” կազմակերպությունը, ի դեմս հիմնադիր նախագահ Արտակ Մարտիրոսյանի և երիտասարդների նախաձեռնող խմբի, ջանք չէր խնայել համերգը հավուր պատշաճի կազմակերպելու և հանդիսատեսի, թույլ տվեք այս դեպքում ասել, սրտին հասցնելու համար:
Նրանց “թեթև” ձեռքով հինն ու նորը, ավագն ու երիտասարդը միահյուսվել էին մի ներդաշնակության մեջ, որ Հայ Երգ անունն է կրում: Կարծում եմ հենց դրանում էր համերգի յուրահատկությունն ու տարբերությունը մյուս շատ այլ համերգներից:
Ներդաշնակությունն ամբողջացնում էին լուսային հետաքրքիր լուծումները, և իհարկե, երաժշտախումբը, որի կազմն, ի դեպ, կամա թե ակամա ստացվել էր ավագ և երիտասարդ սերունդների անզուգական միաձուլում:
Երեկոն այնքան բնական էր, որ նույնիսկ դահլիճում զգացվեց մաեստրո Պապին Պողոսյանի հուզմունքը երեկոյի առաջին երգի ժամանակ…հայ երգի պատմություն կերտողներից մեկն այսօր կրկին բեմում էր` հայ բեմում, հայ հանդիսատեսի համար, բայց, ցավոք, հայրենիքից հեռու: Երեկոյի խորագիրը` “Վերադարձի երգ”, հատկանշական էր նաև հենց վարպետի համար` վերադարձ մեծ բեմ:
Հուզմունքն աննկատ չէր նաև երիտասարդ սերնդի ու վստահաբար կարող եմ ասել վաղվա հայ երգի պատմության կերտողներից մեկի` Գագիկ Բադալյանի երգի առաջին հնչյուններում…նրա համար վերջին տարիներին բեմը դարձել է մի տեսակ հարազատ օջախ, դա չէր խնդիրը, սակայն մեծ վարպետի հանդեպ նրա ակնածանքն ու պատասխանատվության զգացումն էին նրան հուզմունք պատճառում: Իսկ հետո նա պիտի խոստովաներ` այդ օրն իրականացավ պատանեկության տարիների իր երազանքը:
Առաջին վայրկյանների հուզմունքն անէացավ օդում, երբ դահլիճից բեմ հասավ հանդիսատեսի էներգիան, իսկ հանդիսատեսը շատ չհապաղեց այն փոխանցելու հարցում:
Դահլիճը լեփ լեցուն էր. հանդիսատեսի շարքերում էին արվեստասեր հասարակության գրեթե բոլոր շերտերի ներկայացուցիչներ` արվեստագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ու պարզապես հայ երգի կարոտ հայ մարդիկ:
Այս օրերին, երբ բոլոր լրատվամիջոցներով իրազեկում էին համերգի մասին, մի քանի անգամ կարծիքներ լսեցի, թե ինչքանով է հաջողվելու այս երկու երգիչներին մեկ միասնական երեկոյում ներկայանալ…Պատասխանն ակնհայտ էր առաջին իսկ երգի ժամանակ. առիթն ունեի կողքից դիտելու, թե այդ կարծիք արտահայտողներից մեկն ինչ հիացմունքով էր վերապրում ամեն երգն ու շարունակ ծափահարում:
Փառք ու պատիվ երեկոյի գեղարվեստական ղեկավար Դավիթ Ասատրյանին, պրոդյուսեր Արտակ Մարտիրոսյանին, ու, անշուշտ, Գագիկ Բադալյանին և Պապին Պողոսյանին` այդքան համահունչ ու իրար լրացնող կատարումների համար:
Երգի այսօրվա ու վաղվա վարպետները երգում էին մարմնի բոլոր բջիջներով /ի դեպ` համերգն ապահովված էր այնպիսի տեխնիկական միջոցներով, որ հնարավոր էր լինում մեծ էկրանին տեսնել երգիչների ամեն մի դիմախաղ, ժպիտ ու հույզ/:
Համերգի ընթացքում մի քանի անգամ ինձ “բռնեցի” այն պահին, երբ ես էլ ամբողջ մարմնով փորձում էի վերապրել հայ երգի այդքան յուրահատուկ խաղիկները, քանզի մեծ էկրանին երևում էր Պապին Պողոսյանի ու Գագիկ Բադալյանի վերապրումը, իսկ դա այնքան վարակիչ էր…
Երեկոյի ընթացքում եղան մի շարք պարգևատրումներ: US Armenia Life ամսագրի գլխավոր խմբագիր Ափո Ջաբարյանը իր շնորհավորական խոսքում համերգը բնութագրեց մեկ բառով` հոգեզմայլանք, ինչպես նաև նշեց, որ հայ մշակույթը կենդանի և դինամիկ մշակույթ է, քանի կան այսպիսի կատարողներ: Նա Հայ երգի ժառանգականության պահպանման և անգնահատելի ավանդի համար պատվոգրեր հանձնեց Պապին Պողոսյանին և Գագիկ Բադալյանին: Անմասն չմնացին նաև համերգի գլխավոր հովանավորները, առանց որոնց ներդրման համերգը միգուցե չկայանար, պատվոգրերով պարգևատրվեցին “Mr Martin” Inc-ը` ի դեմ տնօրեն Արմեն Սահակյանի, Arbat Banquet Hall-ը` ի դեմ տնօրեն Սարգիս Նիկողոսյանը,One Light One Hope կազմակերպությունը և բարերար Էլվիս Մադաթյանը, ով մշտապես կանգնում է լավ գործի կողքին և աջակից լինում հայ համայնքի ամենատարբեր նախաձեռնություններում: Պատվոգիր շնորհվեց “Grand Party” կազմակերպությանը և նախագահ Արտակ Մարտիրոսյանին` հայ համայնքի ոգին և մշակույթը հեռավոր սփյուռքում վառ պահելու նպատակով մի շարք հաջողված միջոցառումներ կազմակերպելու և իրականցնելու համար:
Պատվոգրերի շարքը շարունակեց Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ում որոշմամբ, սակայն, դրանք կհանձնվեն երգիչներին պաշտոնապես քաղաքապետարանում:
Երեկոն ավարտվեց, ավելի ճիշտ կլինի ասել այդ օրվա երկխոսությունը դահլիճի և երգիչների միջև ավարտվեց կամ միգուցե դրվեց բազմակետ…հետո անպայման շարունակելու ակնկալիքով:
“Վերադարձի երգ”-ը կայացած էր, այն ոմանց համար վերադարձ էր մանկություն, ոմանց համար երիտասարդություն, ոմանց համար պարզապես վերադարձ էր հայրենիք, թեկուզ և երևակայական, բայց և այնքան սրտառուչ:
Եվ մնում է միայն ավելացնել… հարգելի կազմակերպիչներ, սպասում ենք ձեր հաջորդ նախաձեռնություններին:
Ուրեմն` ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ:
Արուսիկ Սաֆարյան