2016 թվականի hունվարի 28-ը տոնական կլինի Գլենդելում

Կարծես բարի ավանդույթ է դառնում Հայոց Բանակի օրը Գլենդելում իսկական տոն դարձնելը: Այս տարի Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոներից դեռ շատ չանցած` Գլենդելի հայ համայնքն առիթն ունեցավ կրկին մեծ տոնի ականատեսը լինելու` այս անգամ` ազգային տոնի, հայի ուժի, կամքի ու խիզախության տոնի. հունվարի 28-ին մեծ շուքով նշվեց Հայոց Բանակի տոնը:

Չնայած միջոցառման կազմակերպման շուրջ իրարամերժ տեսակետներին և ասեկոսեներին`Grand Party կազմակերպությունն իր շուրջը համախմբեց  անկոտրուն կամքով երիտասարդների խումբ` գաղափարն ու օրը իսկական տոն դարձնելու համար:

Կազմակերպության ջանքերով միջոցառմանն անմասն չմնացին նաև Գլենդելում բնակվող ճանաչված ու սիրված արվեստագետներից շատերը, ում հետ համատեղ կազմակերպվեց մեծ համերգ` նվիրված Հայոց Բանակի տոնին:

Նախապատրաստական աշխատանքներն, անշուշտ, զերծ չէին դժվարություններից ու բազմաթիվ խոչընդոտներից, բայց կազմակերպությունը կարողացավ հաղթահարել ու պատվով ներկայացնել կատարված աշխատանքը հանրությանը:

Միջոցառման հյուրերի շարքում էին Լոս Անջելեսի, Գլենդելի պետական և հոգևոր այրեր, Երկրապահների Միության Գլենդելի մասնաճյուղի անդամներ, պաշտոնական հյուրեր, սիրված և ճանաչված մարդիկ, ինչպես նաև Գլենդելի հայ համայնքի շատ ու շատ ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ եղան նաև պարգևատրումներ: Հատուկ պատվոգրերի  և շնորհակալագրերի արժանացան նաև Grand Party կազմակերպության ղեկավարը, միջոցառման գեղարվեստական ղեկավարը:

Տոնն իսկապես կայացած էր. այդ մասին են վկայում մինչ այժմ հնչող արձագանքները և հաջորդ տարում նմանատիպ միջոցառում ունենալու հորդորները համայնքի ներկայացուցիչների կողմից:

Օրերս տեղեկացանք, որ 2016թ.-ի հունվարի 28-ը ևս տոնական է լինելու Գլենդելում: Grand-Party կազմակերպությունը նախատեսում է այս տարի ընդլայնել միջոցառման ծավալը և հնարավորություն տալ համայնքին առավելապես վայելելու տոնը: Այդ նպատակով համագործակցության բանակցություններ են սկսվել One Light One Hope բարեգործական հիմնադրամի հետ: Հարկ է նշել, որ այս բարեգործական հիմնադրամը ևս մեծ աշխատանքներ է տանում համայնքում` իրականացնելով մի շարք ծրագրեր: 2 կառույցների  ղեկավարների հանդիպման ժամանակ  արդեն քննարկվել է համատեղ միջոցառման ծրագիրը:

Կարծում եմ` մեզ բոլորիս սպասվում է աննախադեպ տոն` ի պատիվ հայի պայքարող տեսակի, ի պատիվ հայ զինվորի ու զորականի, ի պատիվ Հայոց Բանակի:

LosArmNews.com