Դատավարոթյուն Սակրամենտոյում` բանկային խարդախությունների մեղադրանքով

Սակրամենտոյում դատում են Կալիֆորնիայի 4 բնակչի` ծագումով հայ Միհրան Մելքոնյանին, Ռուսլան Կիրիլյուկին, Ալեքսանդր Մասլովին և Ռուսլան Ահմերովին: Նրանք մեղադրվում են բանկային խարդախության մեջ::

Դաշնային դատախազության մամուլի հաղորդագրության համաձայն` հանցագործ քառյակը, օգտվելով ոչինչ չկասկածող քաղաքացիներից գողացված անձնական տեղեկությունից, փող է հանել American Express-ի հաճախորդների բանկային քարտերից: Հանցավոր գործունեության հետևանքով հանցագործները թալանել են 119 000 բանկային հաշիվ:

Սան Ֆրանցիսկոյի Գաղտնի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ սխեման գործել է հետևյալ կերպով՝ օգտվելով ապօրինաբար ձեռք բերված տեղեկությունից՝ ենթադրյալ հանցագործները փոքր գումարներ են հանել American Express-ի հաճախորդների կրեդիտ քարտերից: Ֆիկտիվ վճարումները կատարվել են ձևական կազմակերպությունների միջոցով: Հանցագործները գործել են 2011 թ. հոկտեմբերից 2014 թ. մարտը:

Կալիֆորնիայի արևելյան շրջանի դատախազի գրասենյակի հաղորդմամբ՝ 35-ամյա Միհրան Մելքոնյանը՝ Սակրամենտոյից, և 41-ամյա Ռուսլան Ահմերովը՝ Լոս Անջելեսից, մեղադրվում են ՔՕ 23 հոդվածներով, այդ թվում՝ ԱՄՆ փոստի և բանկային համակարգի հետ մեքենայության համար: Ահմերովին դատարանը մեղավոր է ճանաչել անցած տարվա դեկտեմբերին, նա սպասում է դատավճռի հրապարակմանը:

Դատարանը նաև 37-ամյա Ռուսլան Կիրիլյուկին՝ Լոս Անջելեսից, և 34-ամյա Ալեքսանդր Մասլովին՝ Սակրամենտոյից, մեղադրում է փոստային առաքումների գողության 23 դեպքի համար: Կիրիլյուկին վերագրվում է լուրջ հանցագործության առնվազն մեկ դեպք:

Մելքոնյանը կալանքի տակ է ապրիլի կեսից, իսկ Մասլովը ձերբակալվել է սեպտեմբերի 1-ին և գրավի դիմաց ազատ է արձակվել: Դաշնային դատարանը նաև Կիրիլյուկի ձերբակալության արտոնագիր է տվել:

Եթե կասկածյալների մեղքն ապացուցվի, նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 250,000 դոլար տուգանք` մեղադրանքի յուրաքանչյուր կետի համաձայն: Կիրիլյուկին կարող են դատապարտել ևս 2 տարով՝ անձնական տվյալների գողության համար:

Հասմիկ Խաչատրյան