Ոսկե մեդալը Լաս Վեգասից <<գնում է >> Հայաստան. 98 կգ. քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ անընդմեջ Արթուր Ալեքսանյանինն է

Լաս  Վեգասում  տեղի  ունեցող   ըմբշամարտի  աշխարհի առաջնությունում  հունահռոմեական  ոճի  ըմբշամարտի  բազմակի  չեմպիոն  հայազգի  <<սպիտակ   արջը>>՝  Արթուր  Ալեքսանյանը, ապացուցում  է , որ  իրեն  հավասարը  չկա: Նա 1/16 եզրափակիչ փուլից սկսած  գերազանց  հաղթարշավով  հասավ եզրափակիչ, որտեղ մենամարտեց իրանցի Ղաշեմ Ռեզաիի հետ,  3:0 հաշվով առավելության հասավ և գրավեց  պատվավոր  առաջին տեղը:

Արթուր  Ալեքսանյանը  հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականից, իր հոր` Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր   և  աշխարհի չեմպիոն /պատանիների 84 կգ քաշային կարգում/։  2011 թվականից Արթուրը հանդես  է  եկել  ավելի ծանր քաշային կարգում։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրել  է Հայաստանի ազգային հավաքականի  կազմը (2011 թվականին նաև ՀՀ սպորտի վարպետի կոչմանն է արժանացել):  2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճել է  ոսկե մեդալ։ Արթուրը հաղթել է նաև Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացել  Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք և  այդ  մրցաշարից վերադարձել  է բրոնզե մեդալով: 2014 թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ: 2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում  նույնպես արժանացել է ոսկե մեդալի:

ԱՐՓԻ