Այսօր ԱՄՆ-ում տոնում են Աշխատողների օրը

Այսօր Ամերիկան տոնում է Աշխատանքի օրը: Այն տոնվում է ամեն տարի սեպտեմբերի առաջին երկուշաբթին: Այս տոնը ձևավորվել է Ամերիկայի աշխատանքային շարժման շնորհիվ և նվիրված է Ամերիկայի աշխատողների սոցիալական և տնտեսական  ձեռքբերումներին: Այն հանդիսանում է ամենամյա  ազգային տուրք ի պատիվ այն ներդրումների, որ անում են աշխատողները` ուղղված երկրի բարգավաճմանն ու զարգացմանը:

Առաջին անգամ այս տոնը նշվել է 1882 թ. սեպտեմբերի 5-ին` Նյու Յորքում` համաձայն Կենտրոնական արհմիության պլանի: Վերջինս, պահպանելով ավանդույթը, երկրորդ անգամ կազմակերպեց աշխատանքի տոնը ուղիղ մեկ տարի հետո` 1983 թ. սեպտեմբերի 5-ին:

Ըստ տեղեկությունների` քննարկվում է այս տոնի հեղինակների 2 թեկնածություն` մեխանիկ Մաթյու Մագյուրեն /Matthew Maguire/, ով այդ ժամանակ Կենտրոնական արհմիության քարտուղարն էր և Փիթեր Ջ. Մաք Գյուր /Peter J. McGuire/, ով Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայից էր:

Դեռ 100 տարի հետո էլ վիճելի է այն հարցը, թե ով է եղել այս տոնի հեղինակը:

1884թ, սեպտեմբերի առաջին երկուշաբթին նշվեց որպես տոն, քանի որ ի սկզբանե Կենտրոնական արհմիությունն այդպես էր առաջարկել և կոչ էր արել այլ քաղաքների աշխատանքային կազմակերպությունների հետևել Նյու Յորքի օրինակին և տոնել “Աշխատող մարդկանց տոնը” նույն օրում: Գաղափարը տարածվեց և 1885 թ. այն տոնվեց երկրի արդյունաբերական շատ կենտրոններում:

Օրեգոնը առաջին նահանգն էր, որ պաշտոնապես ընդունեց ու նշեց այս տոնը 1887 թ. փետրվարի 7-ին: Այն դարձավ ֆեդերալ տոն 1894 թ.-ից և 30 նահանգ սկսեցին պաշտոնապես նշել այս տոնը:

Աշխատանքի օրը համապետական տոն դարձնելու հրամանը ստորագրել է ԱՄՆ նախագահ Գրովեր Քլեվելանդը` Փուլմանի գործադուլից օրեր անց, երբ  Միացյալ Նահանգների կոնգրեսը անանուն քվեարկեց աշխատանքային օրենսդրությունը բարեփոխելու և Աշխատանքի օրը համապետական տոն դարձնելու նախագծի համար: Իսկ օրվա ընտրությունը եկել է դեռևս Կենտրոնական արհմիության Նյու Յորքում կազմակերպած առաջին տոնակատարումից:

Աշխատանքի օրը պետական տոն է համարվում և այդ օրը բոլոր պետական կառույցները, դպրոցները և շատ գրասենյակներ փակ են:

Այս տոնը մեր ժամանակներում համարվում է հանգստի օր: Շատերը նշում են այս օրը որպես ամառային հանգստի ավարտ կամ վերջին հնարավորություն կարճատև ճանապարհորդության կամ տոնախմբության համար:

Ինչպես են տոնում Աշխատանքի օրը

Աշխատանքի օրվա տոնակատարության ձևաչափը ուրվագծվել է ի սկզբանե: Այդ օրը փողոց են դուրս եկել Աշխատանքային ընկերություններ և կազմակերպություններ, դրան հաջորդել են փառատոններ` աշխատողների և նրանց ընտանիքների համար: Դրանից հետո այդ օրը քայլերթները, զորահանդեսները դարձել են օրվա տոնակատարությունների անբաժան մասը:

Աշխատանքի օրվա տոնակատարությունների բնույթը փոխվել է վերջին տարիներին, հատկապես մեծ արդյունաբերական կենտրոններում, որտեղ այդ փողոցային երթերը դարձան խնդրահարույց: Այս փոփոխությունը, սակայն, ավելի շատ շեշտադրման փոփոխություն էր դեպի արտահայտչաձևը: Աշխատանքի օրվա կապակցությամբ անդրադարձ է արվում առաջատար արհմիության պաշտոնյաների, արդյունաբերողների, մանկավարժների, հոգեւորականների եւ պետական պաշտոնյաների, լայնորեն լուսաբանվում է նրանց աշխատանքը թերթերում, ռադիոներով և հեռուստատեսությամբ:

Ուսանողների համար այն համարվում է ամառային վերջին երեկույթների կազմակերպման օր, շատ վայրերում կազմակերպվում են հրավառություններ, ճաշկերույթներ, մշակութային միջոցառումներ, մրցույթներ:

Հատկանշական է, որ ֆուտբոլային սեզոնը սկսվում է կամ այդ օրը կամ մոտ օրերին: Շատ ֆուտբոլային խմբեր իրենց առաջին խաղն ունենում են Աշխատանքի օրվա նախօրեին` շաբաթ կամ կիրակի օրերին:

Այսօր այդ տոնին և նախորդող օրերին բնորոշ են հանրախանութների, առևտրի կենտրոնների մեծ զեղչերը: Այս շրջանը համարվում է Անկախության տոնի և Գոհաբանության տոնի արանքում գտնվող ամենամեծ զեղչերի շրջան:

Ա.Ս.