Հաճախ առօրյա կյանքում հարցեր են առաջանում, որոնց լուծումները կարելի է գտնել երկրում գործող օրենքների մասին քաջատեղյակ լինելով: Այս նկատառումով արդեն երրորդ մասով / նախորդները` տես 2015 թ. Կալիֆորնիայի կարևորագույն օրենքները. Մաս 1, մաս 2/ փորձում ենք ներկայացնել Կալիֆորնիայում 2015 թ. ընդունված շուրջ 900 օրենքներից կարևորագույնները:
Կոնտակտային սպորտի սահմանափակումները աշակերտների համար (AB2127)- Օրենքը որոշակի սահմանափակումներ է դնում այն աշակերտների համար, ովքեր դպրոցում մասնակցում են կոնտակտային սպորտաձևերի: Այն աշակերտը, ով ունի գլխի վնասվածք, պետք է չմասնակցի խաղերին առնվազն 7 օր և կարող է վերսկսել միայն բժշկի համապատասխան թույլտվությունից հետո: Թիմերին թույլատրվելու է ունենալ շաբաթական առնվազն 2 պարապմունք, օրական 90 րոպեից ոչ ավել: Այս սպորտաձևերի պարապմունքներն արգելվում են արձակուրդային շրջանում:
Վրեժի նպատակով պոռնո նկարների տարածումից պաշտպանություն (SB1255)– Օրենքը սահմանում է տուգանք մեկ այլ անձի ինտիմ նկարները հասարակայնորեն ներկայացնելու համար: Օրենքի թիրախում են այն անձինք, ովքեր հրապարակում են մեկ այլ անձի նկարները, որոնք ըստ վերջինիս պետք է մասնավոր մնան, կամ այն անձինք, ովքեր գիտեն, որ այդ հրպարակումը լուրջ հուզական անկայունության, սթրեսների կարող է բերել:
Չվճարվող կամավորներ (AB 1443)- Օրենքը սահմանում է կամավորների իրավունքները այն նույն օրենքի շրջանակներում, որն արգելում է խրականությունն ու բռնությունը վճարվող աշխատողների համար:
Կրկնուսուցման ընկերություններ (AB 1852)- Օրենքը նախատեսում է, որ ակադեմիական կրկնուսուցման ընկերությունները /բիզնեսները/ պետք է բացահայտ ներկայացնեն անչափահասների ծնողներին, թե ինչպես են ստուգում ուսուցիչների գիտելիքների բազան:
Գործարարներին քննադատելը (AB 2365)- Օրենքը նախատեսում է պայմանագրում որոշակի դրույթների ներառում, որը կկանխի սպառողի կողմից վաճառողին քննադատելը:
Աշխատավայրի պահանջները – Այստեղ սահմանված են մի շարք պահանջներ, մասնավորապես` երեխայի աշխատանքային չարաշահման (AB 1680), հակահետապնդող վերապատրաստումների (AB 2053), աշխատողների հանգստի, վերականգնման փոխհատուցման(SB 1360), սպասելու ժամանակի (AB 1723) համար և ընկերությունների համար` ցուցադրական պաստառներ ունենալու, վճարման մասին մանրամասն տեղեկատվություն պարունակող գրավոր ծանուցագրեր տալու և անձնակազմի գրառումները 3 տարի պահելու համար:
Հանրային ծանուցումներ գազատարի աշխատանքների վերաբերյալ (AB1937)- Գնալով աճում է դպրոցներից և հիվանդանոցներից անհրաժեշտաբար տեղահանումների թիվը` պայմանավորված տեխնիկական աշխատանքների կամ պեղումների ժամանակ գազատարերը վնասելու հանգամանքով: Նոր օրենքը պահանջում է գազի ընկերություններին դպրոցներին և հիվանդանոցներին ժամանակին ծանուցել այսպիսի աշխատանքների կազմակերպման մասին:
Անշուշտ սրանք բոլորը չեն և իրականում հնարավոր էլ չէ բոլորը մանրամասնորեն ներկայացնել, բայց այս կերպ փորձում ենք նաև ուղղորդել մեր ընթերցողներին իրենց անհրաժեշտ օրենքները համապատասխան աղբյուրներում մանրամասն ուսումնասիրելու:
Մեր 3 հրապարակումներում ներկայացվել են այն հիմնական օրենքները, որոնք առանձնացվել և դասակարգվել են մի շարք իրավաբանական գրասենյակների, տեղեկատվական կայքերի կողմից:
Կայքում հետագայում ևս հնարավոր են մասնավոր անդադարձներ կոնկրետ օրենքներին և դրանցից բխող հետևանքներին:
Ա.Ս.