Ոստիկանին նկարելու համար այլևս պատիժ չի հասնում

21 օգոստոս 2015 թ.

Հաճախ է պատահում, երբ Միացյալ Նահանգներում ոստիկանությունն անարդար է վարվում այն քաղաքացիների կամ լրագրողների հանդեպ, ովքեր հեռախոսով կամ տեսախցիկով նկարահանում են ոստիկանության աշխատանքն ու նրանց կողմից թույլ տրված բռնությունները: Այս երևույթի վառ օրինակներից մեկը 2004 թ. Նյու Յորքի աղմկահարույց դեպքն էր, երբ Հանրապետականների Ազգային Համագումարի ընթացքում ցուցարարների հետ մեկտեղ ձերբակալել էին նաև լրագրողներ` նկարահանելու պատճառով: Ժամեր անց բոլորն իհարկե ազատ էին արձակվել: Տեղի էր ունեցել մարդկանց քաղաքացիական իրավունքների ոտնահարում:

Միացյալ Նահանգներում, ի տարբերություն մի շարք այլ երկրների, եթե կա օրենք, այն գործում է անպայման: Այս դեպքում էլ Նյու Յորք քաղաքը ստիպված եղավ ծախսել 1,8 միլիոն դոլլար` բավարարելու ձերբակալվածների քաղաքացիական իրավունքների ոտնահարման դատական հայցերը:

Անցել է շուրջ 11 տարի, բայց նմանատիպ իրադարձություններն անխուսափելի չեն այսօր էլ: Կալիֆորնիայի ոստիկանությունը հաճախ է մեղադրվում նմանատիպ սխալ աշխատելաոճի մեջ: Այստեղ այս պարագաներում ոչ միայն բռնագրավվում են հեռախոսներն ու տեսախցիկները, ոչնչացվում նկարահանված նյութերը, այլև շատ անգամներ ձերբակալում են քաղաքացիներին:

2015թ. օգոստոսի 11-ին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը ստորագրեց SB411 օրենքը, ըստ որի յուրաքանչյուր մարդ, լինի դա շարքային քաղաքացի թե լրագրող, ով իրավունք ունի գտնվելու որևէ վայրում և ուղղակիորեն չի խանգարում ոստիկանի աշխատանքին, ազատ է նկարելու, նկարահանելու հասարակական վայրում գտնվող ոստիկանին: Նախկինում ևս կար նման օրենք, որը, սակայն, խրթին ու անորոշ էր  և ոստիկանների կողմից շրջանառվում էր կամայական հիմունքներով` ելնելով իրենց իսկ շահերից:

Նոր օրենքը, սակայն, պարզ նշում է, որ նկարահանելը որևէ կերպ օրենքից դուրս չէ և նկարահանման պարագայում չի կարող դրան հետևել նկարահանող անձի ձերբակալումը, կամ որևէ այլ կերպ պատժի ենթարկելը:

Ուշագրավ է այն փաստը, որ ոչ մի իրավապահ գործակալություն չի ընդդիմացել օրենքի ընդունմանը:

Այս օրենքի առկայությունը ստիպում է ոստիկաններին հարգել քաղաքացու` օրենսդրությամբ սահմանված իրավունքները և դրանց խախտելու դեպքում նրանց պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում:

Սակայն մնում է հուսալ, որ օրենքն իսկապես կկիրարկվի հստակորեն և ոչ թե կդառնա հերթական զենքը ոստիկանների ձեռքում և կշարունակի խաղարկվել` ի նպաստ ոստիկանության ներքին համակարգի:

Լյուդմիլա Գրիգորյան