Ընդունվել է Կալիֆորնիայի ամենախիստ օրենքներից մեկը. պատվաստում չանցած երեխաները չեն կարող հաճախել որևէ կրթական հաստատություն

2015 թ. տարեսկզբից ամիսներ շարունակ քննարկման էր դրված երեխաների պատվաստումները պարտադիր դարձնելու մասին օրենքը: Օրենքի նախագիծը կազմվել էր նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, Դիսնեյի նշանավոր զբոսայգում 12 երեխաների կարմրուկով վարակվելու դեպքից հետո: Հարկ է նշել, որ տարբեր աղբյուրներում այս դեպքը տարբեր կերպ է լուսաբանված: Հրապարակումներ կան նաև այն մասին, որ խոսքը ոչ թե 12, այլ 2-3 երեխայի մասին է, որոնք ի դեպ պատվաստումներն անցած են եղել: 

 Ինչպես հանրության մեջ, այնպես էլ պետական ատյաններում, թեժ պայքար էր երկու թևերի մեջ: Առավել ակտիվ պայքարում էր ծնողների այն խումբը, ովքեր պնդում էին, որ օրենքի ընդունումը ծնողական իրավունքների ոտնահարում է և որ իրենք վստահ են, որ որոշ պատվաստումները ապահով չեն և լուրջ բացասական հետևանքներ են ունենում երեխաների առողջության համար:

Հունիսի 30 ին, Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը, պետական օրենսդիր մարմնի հաստատումից հետո, ստորագրեց օրենքն այն մասին, որ  2016 թ. հուլիսի 1-ից բոլոր պետական և մասնավոր կրթական հաստատություններ /դպրոց, մանկապարտեզ, ցերեկային խնամք և այլք/ հաճախող երեխաները պետք է անցած լինեն տարիքին համապատասխան բոլոր պատվաստումները` անկախ ծնողների կրոնական հայացքներից և այլ անձնային հավատալիքներից: Պատվաստումներից կարող են ազատվել միայն լուրջ հիվանդություններ ունեցող երեխաները /հիվանդությունների սահմանված ցանկը կա/: Պատվաստում չանցած երեխաները ստիպված են լինելու անցնել տնային ուսուցում:

“Իր խոսքում նահանգապետը նշել է, որ գիտությունը հստակ սահմանում է` պատվաստումները պաշտպանում են մի շարք ինֆեկցիաներից և վտանգավոր հիվանդություններից: Միևնույն ժամանակ ճշմարիտ է այն վարկածը, որ ցանկացած բժշկական միջամտություն զերծ չէ ռիսկից, բայց և փաստերը ցույց են տալիս, որ պատվաստումներն էականորեն օգնում են կանխարգելելու և պաշտպանելու մարդկանց առողջությունը համայնքում:”,- նշվում է www.npr.org կայքում, որն իր The Two Way ծրագրի շրջանակներում բազմիցս անդրադարձել է այս թեմային:

Հարկ է նշել, որ այս օրենքը համարվում է Կալիֆորնիայի խստագույն օրենքներից մեկը: