Exclusive. «Թղթե երազանքի» սաունդթրեքը և նոր մանրամասներ ֆիլմի մասին

Հաշված օրեր անց «Շանթ» հեռուստաընկերությունը կսկսի «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Բազմասերիանոց այս ֆիլմը նկարահանելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ «Շանթն» իրագործում էր իր բարեգործական մարաթոնները: Ի մի բերվեցին իրական հերոսների իրական պատմությունները: Դրանք դարձան կերպարներ, որոնք էկրանից նույնքան կհուզեն, որքան դառն էր իրականությունը: Բայց այս ֆիլմը նաև հույսի, հավատի ու քո բաժին հաջողության մասին է, որ անպայման հասնում է քեզ, եթե գնում ես երազանքիդ հետևից:«Ֆիլմը շատ մարդասիրական, ազնիվ ու նուրբ զգայական նշանակություն ունի, դրա համար աշխատեցինք, որ երաժշտական առումով նույնպես ընդգծենք զգացմունքների այդ ներկապնակը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմում է Գիսանե Պալյանը:

Հենց նա է ֆիլմի երաժշտության հեղինակը: Գործիքավորումն էլ իրականացվել է Empyray ստուդիայում:

«Մոտ 4-5 ամիս աշխատել ենք երաժշտության վրա: Ըստ ֆիլմի ընթացքի՝ նայում էինք սերիաները՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ պետք է լինի և ինչ տրամադրություններ են անհրաժեշտ տվյալ սերիային: Սովորական սաունդթրեքային աշխատանք ենք իրականացրել»,- ասում է Գիսանեն:

«Թղթե երազանք» հեռուստադրամայի հիմնական երգը մեկն է, ինչպես ասում են` ֆիլմի թեման, բայց սա միակը չէ: Էլի երգեր կան:

Մեզ հետ զրույցում Գիսանեն պատմում է, որ երաժշտությունում հիմնականում ներգրավվել են դասական գործիքներ, փորձել են հայկական երանգ ստանալ՝ հեռու մնալով արևելյան մոտիվներից:Երաժիշտը սերիալն ամբողջությամբ չի դիտել, բայց բարձր է գնահատում ռեժիսոր Գարրի Զաքարյանի հետ համագործակցությունը:

«Շատ սահուն աշխատեցինք, գոհ եմ, որ աշխատանքում նպատակը կոնկրետ ձևակերպված էր և հստակ էր, թե ինչ է հարկավոր: Անկեղծ ասած, քիչ են պատահում նման ռեժիսորներ, որ երաժշտին կարողանան խնդիրը լիովին ճիշտ ներկայացնել»,- խոստովանում է Գիսանե Պալյանը:«Թղթե երազանք» հեռուստադրաման եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 2-ից:

Մյուսների պես էլ Գիսանեն ևս անհամբերությամբ սպասում է ֆիլմի ցուցադրությանն ու առաջին արձագանքներին: Ուրախ է, որ դարձել է ֆիլմի մի մասնիկը, վստահ է, որ  այն հաջողություն է ունենալու և հպարտ է, որ այդ գործում ներդրում ունի նաև ինքը:

«Այնքան ուրախ եմ, որ այս ֆիլմի համար աշխատեցինք, որովհետև, կարծես թե, վերադարձվում է այն մարդասիրական թեման, որ հիմա մարդկանց մոտ շատ պակասում է: Կուզեի, որ ֆիլմի հիմնական ասելիքը՝ չհանձնվելը, պայքարելը, տեղ հասնի»,- զրույցն ավարտում է կոմպոզիտորը, որը ֆիլմի ողջ հուզականությունը տեղափոխել է երաժշտության մեջ: