«Գիքորը» Շրի Լանկայում, կամ ինչպես սերը շրիլանկացուն Երևան վերադարձրեց

Նիսխ Մուտումուտալիջեն Կոլոմբոյից մտադիր էր Մոսկվայի պետական համալսարան ընդունվել, սակայն բուհից տեղեկություն էր ստացել, որ ուշացել է հայտ ներկայացնելու հարցում, և տեղեր այլևս չկան։

«Լավ, կփորձեմ բելառուսական բուհերից մեկը փաստաթղթերս հանձնել», – մտածեց նա, սակայն այս տարբերակն էլ չգործեց։ Անսպասելիորեն Շրի Լանկայի կրթական գործակալությունից երիտասարդը նամակ է ստացավ, որ նրան պատրաստ է ընդունել Երևանի պետական համալսարանը։

«Կարծում եմ` Հայաստան ինձ ճակատագիրն է բերել… Նախկինում երբեք դրա մասին չէի լսել։ Փնտրեցի Google–ում և գտա այս լեռնային երկիրը։ Ընդունեցի առաջարկը, իսկ ավելի ուշ սիրեցի այս երկիրը», – պատմեց Նիսխը։

Շատ վաղուց էր։ Իսկ հետո նա մեկնեց Միջին Ասիա` մենեջեր աշխատելու։ Բայց, հավանաբար, Հայաստանը նրան բաց չթողեց…

Միջին Ասիայում եղած ժամանակ նա Facebook–ով ծանոթացավ իր ապագա կնոջ հետ։ «Հայուհի է»,– ժպտալով պատմում է մեր զրուցակիցը։

Երիտասարդներն ամուսնացան Շրի Լանկայում, սակայն հետագայում որոշեցին Երևան տեղափոխվել։ Այդպես Նիսխը վերադարձավ մի երկիր, որտեղ սովորել էր նախկինում, և այստեղ է ապրում արդեն հինգ տարի։

Սկզբում մենեջեր էր աշխատում Երևանի էլիտար հյուրանոցներից մեկում, սակայն լեզվական խնդիրների պատճառով զրկվեց աշխատանքից։

Սակայն այսքանով երիտասարդը որոշեց չսահմանափակվել։ Ասում է, որ Հայաստանը միանգամից է սիրել և միշտ ցանկացել որևէ բան անել Հայաստանի բնակիչների համար։  2013 թվականին նա հիմնադրեց HelpPIN մարդասիրական ՀԿ–ն, որի շրջանակում մի քանի նախագիծ իրականացրեց, գերազանցապես` Լոռու մարզում։

Նիսխը ծանոթ է հայ գրականությանը, այն զարմացնում է տղային։ Նիսխի կարծիքով` հայ գրողների ստեղծագործությունները պետք է հնարավորինս շատ ազգերի ներկայացնել։ Նա խոստովանում է, որ ուզում էր բացարձակ նոր մի բան անել նաև Շրի Լանկայի բնակիչների համար։ Այսպես առաջացավ որոշ գործեր սինհալերեն թարգմանելու գաղափարը։

«Դուք մեծ գրողներ ունեք, հանճարեղ ստեղծագործություններ։ Շատ եմ սիրում հայ գրականություն և ուզում էի այն մատչելի դարձնել իմ հայրենակիցների համար», – պատմում է «հայ լանկացին»։

Թարգմանություններն անձամբ է անում։ Սկսել է իր սիրելի գրողից` Հովհաննես Թումանյանից։ Անգլերենից սինհալերեն է թարգմանել արդեն 16 հիանալի հեքիաթ։ Շուտով դրանք լույս կտեսնեն իր երկրում։

Նիսխը հպարտությամբ նշում է, որ նա առաջին շրի լանկացին է, որը հայերեն գրքեր է թարգմանում սինհալերեն։

Այժմ նա թարգմանում է Թումանյանի «Գիքորը», որը գլուխգործոց է համարում։ Կարծում է, որ այս ստեղծագործությունը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ մարդկանց վրա։ Նրա խոսքով` հենց դա պատմվածքը արդիական է դարձնում Շրի Լանկայի բնակիչների համար։

«Սա ամենազարմանալի գիրքն է, որը երբևէ կարդացել եմ։ Այն տխուր է, էմոցիոնալ և խորիմաստ։ Կարծում եմ` յուրաքանչյուր երեխա պետք է կարդա այն…», – ասում է նա։

Անցած տարի Նիսխն իր առաջին գիրքը գրեց և հրապարակեց։ Այն 50 կարճ պատմություններից է բաղկացած, որոնք այսպես թե այնպես Հայաստանի հետ են առնչվում։ Որոշ պատմվածքներ պատմում են իրական մարդկանց մասին, նրանց, ում հանդիպել է այս երկրում։

Գրքում պատմվում է նաև 1915 թվականի Ցեղասպանության մասին։

Նրա խոսքով` իր հայրենիքում այս գիրքը շատ է սիրվել. առաջին տպաքանակը 5 ամսվա ընթացքում ամբողջությամբ վաճառվել է։

Նա շատ է ուզում, որ իր հայրենակիցները իմանան հիանալի և զարմանալի երկրի մասին, որին ինքը սիրահարված է, ինչպես նաև տեղեկանան Ցեղասպանության մասին, որը վերապրել է հայ ժողովուրդը։ Հենց այդ պատճառով նա իր հաջորդ գրքում սինհալերեն կներկայացնի ХХ  դարի առաջին Ցեղասպանության ընթացքում ողջ մնացած մարդկանց պատմությունները։

Աղբյուրը` https://bit.ly/2TwCIWd