«Կոնկրետ դեպք է եղել, երբ դասամիջոցին տղաները տեսանկարել են զուգարանում դասընկերոջը և տեղադրել սոցցանցում». դպրոց բջջայիններով գնալու մասին

Իզաբելլա Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԿԳ նախարարաի երեկվա հայտարարությանը, գրել է.

Նախօրեին ԿԳ նախարար Arayik Harutyunyan ը կարծիքաքաղ էր կազմակերպել, թե արդյո՞ք ծնողները կողմ կլինեն դպրոցներում բջջային հեռախոսների արգելքին, ինչպես արվել է Ֆրանսիայում:
Ուսումնասիրեցի դեմ արտահայտվողների հակափաստարկները և ուզում եմ անդրադառնալ:

1)«Դա իմ կապն է երեխայիս հետ»: Հարգելի ծնողներ, եթե հիմա ձեր երեխան ձեզ չի խնդրում հանգիստ թողել իրեն, ապա որոշ ժամանակ անց կասի: Իսկ եթե չասի, տագնապել է պետք իրականում: Հաճախ, մեր փռած թևերը չեն թողնում մեր ձագուկը աճի:

Ուզո՞ւմ եք, որ երեխան ինքնուրույնություն ձեռք բերի, որոշում կայացնել սովորի, իրավիճակային լուծումներ գտնի, ուրեմն բաց թողեք նրան խելամիտ սահմաններում: Երբ կրթական համակարգից եք պահանջում «չռոբոտացնել» ձեր երեխային, ինքներդ ձեր առաջ էլ դրեք այդ խնդիրը:
Եթե ձեր երեխան անվտանգ վայրում է, որտեղ կան նրա կյանքի ու առողջության համար պատասխանատուներ, ուրեմն դա իդեալական ժամանակահատված է, որ դուք «վազ գաք» նրանից և թողեք, որ ինքնուրույն լինի:

Եկեք չմոռանանք, որ մեր ժամանակ բջջայիններ չկային, մեր ծնողները պակաս հոգատար չէին, իսկ մեզ հետ ոչինչ էլ չէր պատահում:

2) Դպրոցի նշանակությունը շատերը վատ են պատկերացնում՝ սևեռվելով գիտելիքի փոխանցման գործառույթի վրա:
Ոչ պակաս կարևոր է անձի սոցիալականացումը: Իսկ բջջային հեռախոսները թշնամի են այդ գործընթացին: Միմյանց հետ շփվելու փոխարեն, երեխաները դասամիջոցներին շփվում են իրենց հեռախոսների հետ: Սա, ի դեպ, նաև մեր՝ մեծերիս ողբերգությունն է, որը չենք գիտակցում:

Դասամիջոցի կազմակերպումը ոչ պակաս կարևոր է, որքան դասինը: Այս առումով, իմ համոզմամբ, մեծ խնդիր ունենք: Գրեթե չկան հանգստանալու, շարժվելու պայմաններ, դասամիջոցների թանկ րոպեները հաճախ կուլ են տալիս ուսուցիչները՝ բաց չթողնելով դասարանը զանգը հնչելուց հետո: Երեխաները նույնիսկ չեն հասցնում սնվել, որովհետև բուֆետում հերթ է: Բայց … չշեղվեմ: Իսկ դուք ուզում եք այդ թանկ րոպեներին նրա հետ խոսել:

3)«Եթե դասը հետաքրքիր լինի, երեխան չի ձգվի դեպի բջջայինը»: Սա միֆ է: Ցավոք, համացանցային աշխարհի հետ մրցելը շատ դժվար է: Բազմաթիվ խաղեր կան, որոնք հատուկ հոգեբանորեն կախվածություն են ստեղծում և իրենց ծանուցումներով ստիպում մոռանալ ամբողջ աշխարհը:

Խնդրի լուծումը համացանցում գտնելն էլ մեծ գայթակղություն է: «Ուղեղը չծանրաբեռնելու, հեշտ լուծում գտնելու ապրելակերպ»:

4) Հեռախոսները վաղուց արդեն սոցիալական կարգավիճակի չափման չափանիշ են դարձել: Մեկը խելախոս ունի վերջին մոդելի, մյուսը՝ հին, փոքրիկ կոճակներով հեռախոս:
Երեխաները շատ ավելի ցավալի են տանում սոցիալական անհավասարությունը: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում այս նպատակով լուծումներ են փնտրել, որոնցից մեկն էլ դպրոցական միանման համազգեստն է:

5)Բջջային հեռախոսը նաև չար կատակների հնարավորություն է տալիս երեխաներին: Իսկ այնպես դաժան, ինչպես երեխաները կարող են վարվել իրենց տարեկիցների նկատմամբ, քիչ թվով մեծեր են ընդունակ…

Օրինակ, կոնրետ դեպք է եղել, երբ դասամիջոցին տղաները տեսանկարել են զուգարանում դասընկերոջը և տեղադրել սոցցանցում…

Վերջում կուզեի հավելել, որ օրական կես ժամ ձեր՝ երեխայի հետ մտերմիկ զրույցը շատ ավելի թանկ է, քան հազար անգամ նրան զանգահարելը ու հարցնելը՝ «հացդ կերա՞ր», «ի՞նչ ստացար մաթեմից», «ո՞ւր հասար», «գլուխդ չի՞ ցավում»:

Սարսափելի պանիկյոր, երկու երեխաների մամա